Պարտք ինքնիշխան, միացյալ և ազգային – ժողովրդավարական Հայկական պետության - Սամվել Ասլիկյան

Պարտք ինքնիշխան, միացյալ և ազգային – ժողովրդավարական Հայկական պետության - Սամվել Ասլիկյան
shadow
Պարզ նայելով մեր անցյալին, սթափ գնահատական տալով մեր պատմությանը և ընդունելով մեր պատմության բացասականը` քաղենք և նորովի ապրեցնենք դրականը` նայենք առաջ, պատրաստ լինենք կռվելու հանուն Հայաստան Պետության, ինչպես դա արեցին 1921թ. Ապստամբած ազատ Հայաստանի ապստամբները և ինչպես մեր աչքերի առջև դա արեցին 2020 թվականի, 44 օրյա պատերազմի մեր սրբազան հերոսները

Մարդ արարածի ծննդյան կարևորագույն իմաստներից մեկը ձգտումն է դեպի ազատություն և երջանկություն: Դա մարդու բնական իրավունքն է:

Հայն այն ազգերից է, որն իր պատմության ընթացքում իր պատմական հայրենիքում, տուժել է՝ ստրկացվելով բռնակալ ռեժիմների կողմից, սպանվել, խոշտանգվել և բանտարկվել` հայկական պետությանը հակոտնյա համակարգերի կողմից: Եվ Հայ ազգն, օգտվելով իր բնական իրավունքից, ժամանակ առ ժամանակ ապստամբել է: Ապստամբել է ընդդեմ իր երկրի մեջ գործող, օտար կամ օտարին ծառայող ռեժիմների: Հայկ Նահապետից մինչև Նժդեհ, Նժդեհից՝ մինչև մերօրյա պարտվողական իրականությունը մերժողներ:

1920 թվականի դեկտեմբերի 2-ից հետո, երբ Հայաստանի առաջին հանրապետությունն ընկավ, զավթվելով և մասնատվելով թուրքական և կարմիր բանակի հարձակման արդյունքում, նորաթուխ, զավթված կարմիր Հայաստանում բոլշևիկների կողմից սկիզբ դրվեց «ռազմական կոմունիզմի» քաղաքականությանը: Բոլշևիկյան կառավարությունը սկսեց բռնաճնշումներ կիրառել Առաջին հանրապետության քաղաքական ընտրանու, մտավորականների և զինվորականների նկատմամբ: Կազմաքանդվեց հայկական բանակը, ձերբակալվեցին շուրջ հազար սպաներ, այդ թվում` զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանն ու Հախվերդյանը:

Կարմիր բանակը թալանում էր ժողովրդին: Խուզարկությունների նպատակով ներխուժում էին քաղաքացիների բնակարաններն ու առգրավում մարդկանց սեփականությունը` ոսկի, արծաթ ու այլ թանկարժեք իրեր: 1921 թ. փետրվարի լույս 10-ի գիշերը ձերբակալվեցին մոտ 200 դաշնակցականներ, ինչը ժողովրդի մոտ հասունացրեց ապստամբության դիմելու ցանկություն: Վերջինիս հաջորդող օրերին Կոտայքի Զար գյուղում տեղի ունեցած ընդհատակյա ժողովի ժամանակ որոշվում է բարձրացնել ապստամբության դրոշ: Իրականում բոլշեւիկյան բռնաճնշումները ծառայեցին իբրև ապստամբելու առիթ. ընդվզման բուն պատճառն ու նպատակը Հայաստանի Հանրապետության վերականգնումն էր:

1921 թ. փետրվարի 13-ին, օգտվելով այն փաստից, որ Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով Կարմիր բանակի զորամասերի զգալի հատվածը դուրս էր եկել Հայաստանից՝ հայտարարվեց քաղաքացիական ապստամբություն, որի սկիզբը դրեցին Արագածում վերաբնակեցված սասունցիները։ Հարավային ճակատում զինյալները սկսեցին ապստամբությունը՝ մարտնչելով Կարմիր բանակի ռուսական բոլշևիկների դեմ (Արտաշատ քաղաքի Կամարլու շրջանում), որոնց հրամանատարը Մոլկոչանովն էր: Դրանք Կարմիր բանակի 2-րդ և 3-րդ գնդերն էին։ Ապստամբական ուժերը նրանց դեմ կռվում էին Փոքր Վեդի-Խոր Վիրապի շրջակայքում։

Սպիտակի ճակատում հայկական ապստամբները գործեցին Բաշ-Ապարանից Սպիտակ ուղղությամբ ՝ ունենալով հինգ հարյուր կանոնավոր զինվորական, ինչպես նաև մոտ հազար մարդ։ Նրանց գեներալ-հրամանատարը Քենդերյանն էր։ Նրա զորքերը հսկում էին Սպիտակի բարձունքները և փորձում հասնել Վանաձոր։ Հրազդանի հյուսիս-արևելյան ճակատում գտնվող ապստամբական ուժերի հրամանատարն էր Արամ Դավոյանը, ով հետագայում փոխարինվեց գնդապետ Սարգսյանի կողմից։ Այստեղ կենտրոնացած էր ապստամբական ուժերի զգալի մասը, քանի որ Երևան-Սևան ճանապարհը մեծ նշանակություն ուներ Հայաստանի և նրա ազատագրական պայքարի համար։ Զանգեզուրից Գարեգին Նժդեհի զորքերն օգնության հասան ռազմաճակատի՝ Գավառի տեղամասում գտնվող ապստամբներին։

Փետրվարի 18-ին, Կուռո Թարխանյանի և Բաշգյառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ, ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտեն»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Ապստամբների կողմից Երևանը ազատագրելուց ժամեր առաջ, բոլշևիկները՝ մինչև հեռանալը, կացնահարեցին հայուրավոր հայ բանտարկյալների, այդ թվում` Սարդարապատի հերոսներին:

Ցեղասպանությունից մազապուրծ եղած փոքրաթիվ հայությունը, չնայած իր ապստամբական ոգու և անկախ պետականության հանդեպ ունեցած մեծ սիրո, չդիմացավ բոլշևիկյան բանակի ճնշմանը, որը 42 օրերի ընթացքում հասցրել էր վերակազմավորվել և վերահամալրվել, և Հայաստանը նորից զավթվեց; Ապրիլի 2֊ին վերականգնվեց բոլշևիկյան իշխանությունը, որից օրեր առաջ, մարտի 16-ին, Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության պայմանագիրը (Մոսկվայի պայմանագիր), որով Հայաստանի մի մեծ հատվածը հանձնվեց թուրքերին:

Խեղաթյուրված պնդում կա, որ 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի ստորագրմանը հանգեցրեց Փետրվարյան ապստամբությունը: Իրականում, մարտի 16-ի ակտը երկրորդ հանդիպումն էր: Մոսկովյան պայմանագրի նախաստորագրումը կայացել է Լենինի և Էնվերի միջև համաձայնագրով, որը տեղի է ունեցել 1920 թ օգոստոսին` մինչև Փետրվարյան ապստամբությունը, և որով Հայաստանն արդեն կիսվել էր:

Զանգեզուրի Նժդեհյան հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ՝ Զանգեզուրը մնաց սովետական Հայաստանի կազմում, իսկ բոլշևիկյան իշխանություններին պարզ դարձավ, որ նրանք որոշ չափով պետք է զսպեն իրենց բռի վերաբերմունքը դեպի հայությունը՝ հնարավոր կրկնվող ապստամբություններից խուսափելու համար։  Ապստամբության շնորհիվ փրկվեց նաեւ հայ ազգի այն քաղաքական դասը, առանց որի, հայությունը կկորցներ իր ապագային նետված ազգային նկարագիրը, մասնավորապես փրկվեցին այնպիսի մտավորականներ, հայ հոգևորականեր և քաղաքական գործիչներ, ինչպիսիք են` Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, և այլոք:

Ինչպես նաև Զանգեզուրի հերոսամարտը և Փետրվարյան ապստամբությունն, ի հեճուկս բոլշևիկա-թուրքական տանդեմի, հիմք դրեց ապագա Հայկական պետության վերածնմանը, հայ ազգի քաղաքական ինքնության պահպանման և վերականգման ընթացքին: Նույնիսկ բոլշևիկյան լայնամասշտաբ քարոզչամեքենայի օրոք, որը գործում էր ի նպաստ Հայոց ոգու կոտրմանը, և նույնիսկ ցեղասպանված ու հոգնած ազգի մեջ, ի հայտ եկան հազարավոր հայորդիներ, որոնք ընդզվեցին բռնակալության դեմ` հանուն Ինքնիշխան Հայկական Պետության:

Առաջին Հանրապետության կողմից հայության մեջ վերածնված սերը դեպի պետականությունը, վառեց փետրվարի 18-ի ապստամբության կրակը: Ապստամբության ոգին ապրում է հայի մեջ միշտ:

Նույնիսկ այսօր` ռուս-թուրքական զավթումից հետո, ներքին` գործակալական իշխանա-ընդդիմադիր համակարգի դավաճանությունից հետո, և երեք հանցավոր ռեժիմների կողմից և վերջին` հինգամյա դավաճանա-թավշյա իշխանությունների կողմից տարվող հայ մարդու զինյալ պայքարի պատրաստ ոգին կոտրելու քաղաքականությունից ու բոլշևիկյան «բարի» ավանդույթներին համաձայն` ապստամբության երևույթը ահաբեկչության հետ նույնացնելուց` 2016 թվականի հուլիսյան «Սասնա Ծռեր» ապստամբներին Հայաստանի Հանրապետության անկախության օրը` մայիսի 28-ին ձերբակալելով, հայ ժողովրդի մեջ միևնույն է շնչում է ապստամբության ոգին և սերը դեպի ազատություն և ինքնիշխան պետականություն:

Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, և մենք շատ սթափ պետք է գիտակցենք, որ ռուսական կայսրության նահանջը մեր տարածաշրջանից սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ Արցախում երկրորդ պատերազմի սկիզբով։ Ռուսաստանն այդ պատերազմը հրահրեց`  նախընտրելով ստիպված կիսել տարածաշրջանը Թուրքիայի հետ և ըստ Ուկրաինայի վրա հարձակման պլանի, դրանից բխող  Արևմուտքի սպասվելիք կործանարար  պատժամիջոցները շրջանցելու նպատակով` ելք ունենալ դեպի առաջադեմ աշխարհ` միջանցք բացելով հայկական Սյունիքով, կապվելով Թուրքիայի հետ Նժդեհյան Սյունիքի վրայով։

Սակայն ռուս-թուրքական պլանը դեռևս անավարտ է մնացել: Սյունիքը հանձնված չէ և Հայաստանը դե-յուրե դեռևս չի կորցրել իր պետականությունը: Նույնիսկ Արցախը շրջափակված պահելով, թշնամիները, արևմուտքի ճնշման շնորիվ, չեն կարողանում հասնել իրենց նպատակներին՝  Սյունիքում ռուս-թուրքական միջանցքի բացմանը: Արցախում բնակվող ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցները դիմադրում են: Ուստի`  ի տարբերություն 100 տարի առաջվա ռուսական կայսրության տարածաշրջան ներխուժմանը, այսօր ռուսական նավը հեռանում է տարածաշրջանից, և հայության առջև հնարավորություն է բացվում ավարտին հասցնել Փետրվարյան ապստամբության հերոսների կիսատ թողած գործը, ազատվելով ռուսական լծից` ստեղծել ինքնիշխան և միացյալ Հայաստան:

Պարզ նայելով մեր անցյալին, սթափ գնահատական տալով մեր պատմությանը և ընդունելով մեր պատմության բացասականը` քաղենք և նորովի ապրեցնենք դրականը` նայենք առաջ, պատրաստ լինենք կռվելու հանուն Հայաստան Պետության, ինչպես դա արեցին 1921թ. Ապստամբած ազատ Հայաստանի ապստամբները և ինչպես մեր աչքերի առջև դա արեցին 2020 թվականի, 44 օրյա պատերազմի մեր սրբազան հերոսները` առյուծաբար կռվելով ի հեճուկս Հայաստանի դեմ կազմակերպված տարածաշրջանային դավադրության, որին նպաստել էր ներքին համակարգային դավաճանությունը:

Մենք նրանց ինքնիշխան, միացյալ և ազգային – ժողովրդավարական Հայկական պետություն ենք պարտք: Մենք Եռաբլուրին Արցախ ենք պարտք:
_
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

Փետրվարյան ապստամբություն ինքնիշխան ազգային Հայկական պետությունՓետրվարյան ապստամբություն ինքնիշխան ազգային Հայկական պետություն

ազատ, գերիշխան, անկախ, ինքնիշխան, միացյալ և ազգային – ժողովրդավարական Հայկական պետություն , Հայաստանի հզոր, դեմոկրատական և ազգային հանրապետություն

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus