
Ռուսական սպառնալիքներ հայկական անելիքներ - Դավիթ Կարապետյան
Դավիթ Կարապետյան - «Արդար Հայաստան» Հայկական քաղաքական կուսակցության փոխնախագահը »ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ռուսական սպառնալիքներ,
հայկական անելիքներ...
Ասում են՝ Ռուսաստանը «նեղացած» է Հայաստանից և «բռնել է Ադրբեջանի պոչը»:
Ասում են՝ Ռուսաստանը երկակի խաղ է խաղում թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի հետ, առաջնորդվում է երկակի ստանդարտներով, ըստ պահի քմահաճույքի, ըստ իր գեոպոլիտիկ նպատակների:
Ասում են՝ Ռուսաստանը կարողանում է կոնֆլիկտներ հրահրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և «սնվում է» դրանցից:
Որ կոնֆլիկտի առկայութամբ է պայմանավորված տարածաշրջանում նրա ներկայությունը, և որ հակամարտության հանգուցալուծման պարագայում նա այստեղ անելիք չունի:
Ասում են՝ Ռուսաստանը սկսել է նույնիսկ սպառնալ իր եղբայրական ու դաշնակից երկիր համարվող Հայաստանին:
Ինչ ասում են՝ ճիշտ են ասում:
Պարզապես, մենք պետք է վաղուց հասկանայինք, իսկ հիմա առավել քան երբևէ գիտակցենք, որ չկան հավերժական դաշնակիցներ ու բարեկամներ, կան լոկ շահեր, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են համընկնել, մերթընդմերթ իրար հակասել, և որ դրանք չհամընկնելու պարագայում ոչ մեկից բնավ նեղանալ պետք չէ...
Եվ հետո՝ քաղաքականության մեջ էմոցիաներով չեն առաջնորդվում, չեն սրտնեղում, նեղվածությունից հարաբերությունները չեն «կտրում-գցում»,
չեն սրում, չեն խուսանավում,
ընդհակառակը՝ այդ ամենի փոխարեն սկսում են գրագետ բանակցել՝ փորձելով աչքի տակ ունենալով վերը թվարկված հանգամանքները՝ խնդիրներին ու ճգնաժամներին տալ լուծումներ:
Այսպիսով՝ ռուսական «ռեցիդիվը» նորություն չէ...
Եթե օրեր առաջ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարում էր, թե «Արևմուտքը խարխլում է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում,
որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ուշադրություն չդարձնելով Հայաստանի՝ ՀԱՊԿ մասնակցությանը, ձգտում են հետպատերազմական անվտանգային համակարգի իրենց ֆորմատը ներդնել»,
իսկ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին չէր կաշկանդվում ասելով՝ «նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը», ապա կարելի էր ենթադրել, որ որոշակի լռությունից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս հանդես է գալու նմանատիպ հայտարարությամբ:
Այն շատ չուշացավ...
Մեր ոխերիմ դաշնակից Ռուսաստանը հերթական շանտաժով համեմված սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին։
Նախ՝ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված մասնակի դադարեցվեց Հայաստանի գազամատակարարումը։
Եղանակին հղում տալով՝ հայկական բեռնատարների համար փակվեց Լարսը:
Հետո ամենաբարձր մակարդակով դրսևորվեց խանդի տեսարաններ, հնչեցին մեղադրանքներ Հայաստանի հասցեին:
Արցախի և հատկապես անվտանգային գոտիներ համարվող շրջանները վերադարձնելու-չվերադարձնելու հարցում հին ու նոր իշխանությունները մեղադրվեցին աններելի մեղքերի, ռուսական դիրքորոշումն ու առաջարկներն «արհամարհելու», դրանք մերժելու մեջ:
Այնուհետև Լավրովը բացահայտ պաշտպանեց Ալիևին, լեգիտիմացրեց Ադրբեջանի սանձահարած պատերազմը, արդեն որերորդ անգամ հասկացրեց, որ Ադրբեջանն իրենց համար «անձեռնմխելի» երկիր է, որի հետ չեն կարող լինել տարաձայնություններ,
ավելին՝ որ նրա հետ վերջերս հաստատված դաշնակցային հարաբերությունները պատմական իրողություն է:
Շեշտեց, որ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը պետք է լինի նաև Ադրբեջանի համաձայնությամբ, ավելին՝ բխի նրա շահերից...
Ձևակերպեց, թե Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, բայց և այն, որ որևիցե պարագայում նրանք չեն լքի տարածաշրջանը...
Բնականաբար՝ Ռուսաստանը չի ընդունի իր «փայ» գործած մեղքերը մեր հանդեպ:
Չի ասի, որ ԵՄ դիտորդները Հայաստանում չէին լինի, նրանց կարիքը չէր զգացվի, եթե իրենք կատարեին մեզ հետ ունեցած իրենց պայմանագրային, դաշնակցային պարտավորությունները։
Որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չէին կարող լինել, եթե Ռուսաստանը բացահայց պրոադրբեջանական դիրքորոշումներով ու գործելակերպով հանդես չգար, Ադրբեջանի լեզուն չերկարեցներ, ագրեսիա իրականացնելու համար կանաչ լույս չվառեր, «Լավրովի պլան» ասվածը չգործադրեր, Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցք» չխոստանար, համատեղ ջանքերով Բերձորի միջանցք չփակեր, իրեն ենթարկելու ու ծնկի բերելու համար Միութենական պետություն մեզ քարշ չտար...
Ինչևէ...
Այն, որ Ռուսաստանը պետք է անմիջապես դադարեցնի սպառնալիքների և շանտաժի լեզվով խոսել Հայաստանի հետ բոլորս ենք հասկանում, ավելին՝ պահանջում:
Այն, որ պետք է պատրաստ լինենք ծանր օրերի՝ կանխատեսելի է:
Այն, որ Ռուսաստանին ձեռնտու չէ, հետևաբար թույլ չի տալու խաղաղության հաստատում և դրա վերջնարդյունքում պայմանագրի ստորագրում՝ անկասկած է։
Այն, որ մեր հանդեպ կշարունավեն կիրառվել «պատժամիջոցներ», կլինեն ներքին գործերին միջամտություններ՝ դա ևս փաստ է...
Այն, որ կստեղծվի ծանր ու անելանելի իրավիճակ, նրանք էլ այդժամ «կգան ու մեզ կփրկեն»՝ շատերս գիտենք...
Այն, որ պետք է դիմադրել ճնշումներին, փորձել վերջինիս սթափեցնել՝ անխոս է...
Այն, որ պետք չէ գնալ առճակատման,
ընդհակառակը՝ պետք է հարթել սուր անկյունները՝ միանշանակ է:
Այն որ պետք չէ, ավելին՝ խիստ վտանգավոր է արհեստականորեն հակառուսական տրամադրություններ ու թշնամանք գեներացնել՝ ևս միանշանակ է...
Այո՛, շատ դժվար է ունենալ ոխերիմ բարեկամ ու դաշնակից...
Բայց և այսքանը գիտակցելով՝ միևնույն է ձերբազատվելով էմոցիաներից, հաշվի առնելով սեփական ռեսուրսներն ու հնարավորությունները պետք է բանակցել վերջինիս հետ, պետք է գտնել ելքեր, պետք է վերբեռնել հարաբերությունները:
Մեզ թշնամիներ պետք չեն:
Առավել ևս Ռուսաստանի տեսքով...
Դավիթ Կարապետյան Diplomat, International expert, Political scientist