Հայաստանի Հանրապետությանը դաշնակիցներ հենց այսօր են պետք - Սամվել Ասլիկյան

Հայաստանի Հանրապետությանը դաշնակիցներ հենց այսօր են պետք - Սամվել Ասլիկյան
shadow
Հայաստանն առանց արևմտյան աջակցության չի կարող կտրել գաղութային 200-ամյա պորտալարը

Այո, վճռական մենակ, բայց արևմտյան զենքերով և նորագույն տեխնոլոգիաներով


«Ուժեղանանք, հետո դաշնակիցներ փնտրենք»  թեզը, նույնը չէ, ինչ` «Միայն սուբյեկտայնություն ցուցաբերող, ինքն իրեն պաշտպանելու կամք ունեցող ժողովուրդը կարող է ունենալ դաշնակիցներ»:

Քաղաքականության մեջ, եթե ուզում ես գաղափարներդ հստակ փոխանցես ժողովրդին, պետք է, որ խոսքիդ շեշտադրումները դրված լինեն ճիշտ նշանակետերին:

Հայաստանի Հանրապետությանը դաշնակիցներ հենց այսօր են պետք: Երեկ էին պետք: Հետևաբար, երբ երկիրը ներկայացնող իշխանությունը անողնաշար օբյեկտ է, երկրի ներքին ուժերը պետք է ցուցաբերեն ինքնիշխան քաղաքականություն և հստակ մատնանշեն այն երկրները, որոնց տեսնում են ՀՀ դաշնակիցների կարգավիճակում և հստակ ներկայացնեն այդ երկրների հետ հարաբերվելու մեխանիզմներ:

Դա պետք է անել հայտարարություններով, հանրահավաքային ֆորմատով, ԶԼՄ-ների հետ շփման միջոցով, ինչպես նաև՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներում:

Այս փոփոխվող աշխարհում Հայաստանյան քաղաքական ուժը պետք է մատնանշի Հայաստանի սուբյեկտային դիրքը աշխարհում և այն աշխարհաքաղաքական բլոկը, որի մեջ այդ ուժը տեսնում է ապագա Հայաստանը:

Ազգային Ժողովրդավարական Բևեռն է դա է անում:

Անշուշտ, վճռական մենակի հրամայականը և հոգեվիճակը պետք է լինի ժողովրդի մեջ, և հանրությունը պետք է հասկանա ուկրաինացիների օրինակով, որպեսզի քեզ օգնեն, դու պետք է քեզ ցույց տաս մարտում: Բայց դա քաղաքական դիսկուրս չէ և չի հակասում աշխարհաքաղաքական ուղիների մատնանշմանը:

Այո, վճռական մենակ, բայց արևմտյան զենքերով և նորագույն տեխնոլոգիաներով:

Այո, վճռական մենակ, բայց քաղաքականապես, ռազմապես և տնտեսապես աջակցող դաշնակիցներով:

Ազգային ուժը նա է, որ բացի վճռական մենակի հոգեվիճակ փոխանցելուց, անում է նաև քաղաքական քայլեր, որոնք միտված են նոր աշխարհաքաղաքական անվտանգային երաշխավորություների ձեռքբերմանը:

2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր բանակի ժամկետային զինծառայողները վճռական մենակի ոգով կռվում էին: Բայց չկար համակարգ, չկար պետություն, չկային դաշնակիցներ: Այդ իսկ պատճառով ունեցանք չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Նաև պետք է գիտակցել այն, որ Հայաստանն առանց արևմտյան աջակցության չի կարող կտրել գաղութային 200-ամյա պորտալարը: Իսկ ՀԱՅՄԱՐՍներ և ՋԵՎԵԼԻՆներ մեզ այսօր են պետք:

Մի հակադրեք վճռական մենակի հոգեվիճակը և հստակ արտաքին քաղաքական կեցվածքը:

Սամվել Ասլիկյան.

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus