Ստորագրե՞լ, թե չստորագրել «խաղաղութան պայմանագիրը»... Սա է հարցը

Ստորագրե՞լ, թե չստորագրել «խաղաղութան պայմանագիրը»... Սա է հարցը
shadow
Ադրբեջանի զինված ուժերն այսօր՝ կրկին ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, «Շուշի-Լիսագոր»հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում:

Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյանիր էջում

Ստորագրե՞լ, թե չստորագրել «խաղաղութան պայմանագիրը»...

Սա է հարցը...

Մինչ մենք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլն ենք «ըմբոշխնում», չոլերի մեջ «մեր» երազած ակադեմիական քաղաքը կառուցում, ամենուրեք 5-րդ շարասյուն «հայտնաբերում», բարձրաստիճան զինվորականների վրա աբսուրդի ժանրի գործեր կարում, երկիրը քաղաքական «Գուանտանամո»-ի վերածում, կորոնափողերի լվացման մասին «սենսացիոն բացահայտումները» մատուցում, Կենտրոն համայնքի ծառերը կտրում, փոխարենը սակուռա տնկում, Ադրբեջանի զինված ուժերն այսօր՝ կրկին ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, «Շուշի-Լիսագոր»հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում:

Արհեստածին շարժառիթը՝ իբր, այդ հատվածով անցնող ճանապարհով Արցախ սպառազինության տեղափոխումն է:

Այ հիմա Արցախն իսկապես տոտալ շրջափակման ու պաշարման մեջ է:

Դա միակ ճանապարհն էր, որով համենայն դեպս, որոշակի չափով ապահովվում էր Արցախ-Հայաստան կապը:

Ի դեպ, սա այն գրունտային ճանապարհն էր, որի մասին ասում էր Սամվել Բաբայանը, երբ վերջինիս հարցրեցին, թե ինչպե՞ս է կարողացել Հայաստանից հասնել Արցախ, որին վերջինս առանց կաշկանդվելու, կարծես նաև մեծամտաբար ասաց, որ «տարածքը գիտեցողի համար ալտերնատիվ ճանապարհ կա»...

Այնպես չէ, որ ադրբեջանցիները չգիտեին այդ ճանապարհի մասին:

Բայց մինչ այսօր չէին համարձակվում հատել շփման գիծը, մտնել ռուս խաղաղապահների անմիջական վերահսկողության գոտի ու փակել ճանապարհը:

Այսօր նրանք դա արեցին ու կրկին մարսեցին...

Հետևաբար՝ հաջորդիվ սպասենք մեկ այլ ալիբիով մեկ ուրիշ սադրանքի:

Իսկ ի՞նչ ենք անում մենք նման դեպքերում. դեպքի մասին լսում՝ զարմանում ենք, մի երկու օր քաղաքական լացուկոծ ենք դնում, ոչինչ չասող ու անատամ, «սիրողական մակարդակի» հուզիչ ու մելանխոլիկ հայտարարություններ ենք անում, մելամաղձոտ կոչեր հնչեցնում, բողոքական, ոչինչ չտվող, «պարտավորված» զանգեր կատարում, մի երկու օր անց էլ, սեփական անճարությունից ու ապիկարությունից հիասթափվում, հարմարվում ենք դառը իրականության հետ, դե, իսկ հետո՝ երրորդական թեմաներով շեղում հասարակության ուշադրությունը առաջնային խնդիրներից ու վերադառնում «բնականոն» կյանք...

Ու այսքանից հետո վարչապետը վստահեցնում է, որ «Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է՝ մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա»...

Մեկն ասի՝ այդ ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, այն էլ բարձրագույն մակարդակներում ձեռք բերված, որի վրա պատրաստվում եք դնել ստորագրություն:

Բա դուք չէի՞ք, որ երկու օր առաջ ասում էիք, թե թշնամին չի ձերբազատվել ծավալապաշտական նկրտումներից, գենոցիդ իրականացնելու ցանկությունից, էթնիկ զտումներից...

Թե՞ այս երկու օրում բան է փոխվել...

Չլինի՞ թշնամուն հնազանդեցրել եք...

Թե՞ ընդունենք, որ պարզապես հերթական, ֆենոմենալ մանիպուլյացիայի դրսևորում է կամ աֆեկտի արդյունքում արված հայտարարություն:

Հիմա այսօրվա՞, թե՞ երկու օր առաջ ձեր հնչեցրած խոսքերը հաշվի առնենք, երբ ասում էիք՝ «թեկուզ ծանր ու դաժան վերջնարդյունք լինի, նույնիսկ ինձ ու իմ թիմակիցներին «հանեն-լարեն», կտտանքների ենթարկեն ու լութանքների արժանանցնեն, միևնույն է՝ կրելու եմ ողջ պատասխանատվությունը և ստորագրելու եմ այն»...

Այս տեմպերով շարունակվի, վա՞ղն ինչ եք ասելու...

Աբսուրդ...

Դե, արի ու վերջինիս բացատրիր, որ

թշնամին ոչ միայն չի ցանկանում թողնել մեզ «հանգիստ» ապրել, այլ՝ ապրել ընդհանարապես։

Որ նրանք ուղիղ խոսում են քո երկրի մայրաքաղաքը վերցնելու, քեզ իսպառ բնաջնջելու մասին:

Բացատրիր, որ խաղաղություն պետք է լինի միայն մեր հաղթանակով...

Որ մենք ենք պարտադրելու խաղաղություն, այլ ոչ թե քոչվոր թշնամին՝ մեզ:

Ավելին՝ «Խաղաղության պայմանագիր» անգամ նրանք պատրաստ չեն և չեն էլ ուզում ստորագրել...

Եվ հետո.

Սահմանների չկատարված դեմարկացիան ու դելիմիտացիան դեռ մի կողմ, դուք ինպե՞ս եք ստորագրելու մի փաստաթուղթ, որի մեջ Ադրբեջանը՝ որպես պարտադիր պայման ներառել է

ԽՍՀՄ-ից ժառանգած, բայց առանց որևէ մի օրինական փաստաթղթի՝ Հայաստանի տարածքում գտնվող ու անկլավներ համարվող Տիգրանաշենի ու տավուշյան մի շարք գյուղերի հանձնումն իրեն։

Դուք պատկերացնու՞մ եք դրա հետևանքները...

Պատրա՞ստ եք հատել այդ կարմիր գիծը...

Գիտակցու՞մ եք, որ հայ հասարակությունը հաշվեհարդար է տեսնելու ձեզ հետ, մանավանդ, որ դուք ինքներդ դրան չեք գնա...

44-օրյան ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ մեզ ու ձեզ ապացույց...

Գոնե մտերիմներդ ձեզ չեն ասե՞լ, որ ցանկացած իրեն հարգող ղեկավար ավելի լավ է ինքնասպան լինի, քան նման փաստթղթի տակ ստորագրի։

Որ որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրեք, անգամ քննարկեք, եթե դրանում կա «անկլավ» բառը։

Չեն ասե՞լ, կամ դուք ինքդ չգիտե՞ք, որ եթե հանկարծ Ադրբեջանը ստանա Տիգրանաշենը (Քյարքի), ապա ցանկացած պահի փակելու է Վայոց Ձոր ու Սյունիք գնացող միակ ճանապարհը, միաժամանակ՝ Ջերմուկից ու Նախիջևանի Բիչենեկի հատվածից կտրելով իզոլացնելու է ողջ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը:

Այդ իսկ պատճառով էր Ալիևը Թալիշում խոսում ո՛չ թե Հայաստանի 29.800-ի, այլ 29.000-ի մասին:

Այդ 800 քառակուսի կիլոմետրի մասին վերջինս բնավ չէր մոռացել:

Դա այն մակերեսով տարածքն է, որը նա մտադրվել է վերցնել։

Հետևաբար՝ խաղաղության կամ որևէ անունով այլ պայմանագիր Ադրբեջանի հետ հիմա մեզ պետք չէ։

Ուրիշ բան, եթե դուք դա քաջ գիտակցում եք, որի արդյունքում այսկերպ մանևրում եք...

Կամ որ, այնքան հայրենասեր եք, որ նախ այս ամենը բացառում եք, հատուկ ձգձգում եք պայմանագրի ստորագրումը՝ մինչև կայունանանք, բանակի մարտունակությունը վերականգնենք ու վերադարձնենք այն, ինչը մեզ է պատկանում։

Մանավանդ, որ մենք կարող ենք կարճ ժամանակ անց կրկին ազատագրել մեր հայրենիքի զգալի հատվածը։

Քարվաճառը, և ոչ միայն, ամեն ձմեռ նորից ազատագրելու հնարավորություն ունենք, ընդամենը պետք է լավ պատրաստվել։

Սակայն, սպասելիքներս ձեր պարագայում, խիստ անիրատեսական են...

Նախ՝ դուք և խաղաղություն բառերը անհամատեղելի եք...

Եվ հետո՝ դուք խաղաղության փոխարեն բերում եք պատերազմ ու պարտություն։

Ձեզանից լավ բան ակնկալելը ինքնախաբեություն է...

Գնացեք ու մտածեք անձամբ ձեր ու ձեր կուսակցության նախընտրական ծրագրերով հնչեցրած խոստումների մասին, որոնք տալուց առաջ չեք մտածել, բայց խոստանալով՝ քվեներ կորզել...

Երբ ձեզ համար անքննելի էր՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, արցախահայության պաշտպանության ու անվտանգության իրացումը, Արցախի ու արցախահայության անվտանգության երաշխավոր լինելը, ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի համար պայքարը:

Գոնե այս ուղղությամբ պարզապես մտածեք:

Ավել բան ձեզանից ակնկալելը՝ հանցագործություն է...

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus