Արցախի սուրբ հողը թանկ է ու հարազատ յուրաքանչյուր հայի համար - Մարինա Խաչատրյան

Արցախի սուրբ հողը թանկ է ու հարազատ յուրաքանչյուր հայի համար - Մարինա Խաչատրյան
shadow
Այն մեր հայրենիքի մի մասնիկն է` չքնաղ ու անգին, Մեր պապերից մեզ ժառանգություն հասած հողն այդ ներծծված է հազարավոր հայորդիների արյամբ։ Այնտեղ են ամփոփվում մեր բազմաթիվ հերոսների աճյունները, այնտեղ են գերության ընկած մեր մշակութային կոթողներն ու եկեղեցիները

Արցախի սուրբ հողը թանկ է ու հարազատ յուրաքանչյուր հայի համար - Մարինա Խաչատրյան

Արցախի սուրբ հողը թանկ է ու հարազատ յուրաքանչյուր հայի համար։ Այն մեր հայրենիքի մի մասնիկն է` չքնաղ ու անգին։

 Մեր պապերից մեզ ժառանգություն հասած հողն այդ ներծծված է հազարավոր հայորդիների արյամբ։ Այնտեղ են ամփոփվում մեր բազմաթիվ  հերոսների աճյունները, այնտեղ են գերության ընկած մեր մշակութային կոթողներն ու եկեղեցիները։

Դեպի Արցախ են նայում զավակների կորստի ցավից փոքրացած մայրական աչքերը, որոնց մեջ, սակայն, բոցկլտում է պայքարի ոգին։ Արցախի անունը շուրթերին է առավոտյան արթնանում հայկական Սփյուռքում ապրող հայը։ Արցախ են կրում անգամ փոքրիկ հայի թաթիկները։

Մենք միշտ հիշելու և փառաբանելու ենք մեր հերոսացած բոլոր տղաներին` և՛ երգով, և՛ գործով։ Մեր հերոսները մարտիրոսվել են  Մեր Հայրենիքը պաշտպանելիս։ Նրանք ընկել են հանուն եռագույնի, հայ ազգի միասնության և լուսավոր ապագայի։

Պայքարել ենք ազգովի. իսկ ինչ են արել քաղաքական գործիչները դիվանագիտական հարթակում։

Եկեք վերիշենք Արցախյան դիվանագիտության պատմությունն ու փորձենք հասկանալ, թե ինչի շուրջ են այդքան պտտվել քաղաքականության «ռահվիրաները»։

Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյան

1988-ի Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերից հետո, 1991 թվականի օգոստոսի 30-ին, պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Արցախցին այլևս ցանկություն չուներ հանդուրժելու ադրբեջանական դարավոր «մարդակերությունն» ու «սադիզմը»։ Սակայան, փաստացի, հռչակագիրը մնում է թղթի վրա։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվում է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչի արդյունքում 1989 թվականին Արցախն ու Հայաստանի ՍՍՀ-ն վերամիավորվելու որոշումը կորցնում է իր արդիականությունը, սակայն առաջ է քաշվում ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ որպես Արցախի անկախության հիմք։

1991 թվականի սեպտեբերի 22-ին Ստեփանակերտ են ժամանում Բորիս Ելցինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը։ Վերջինիս հետ գործկոմում հրաժարվում են հանդիպել։ Հանդիպումը տեղի է ունենում միայն Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ։ Իսկ Մութալիբովը ստիպված է լինում քայլելով մտնել հարևան Կազմկոմիտեի շենքը։ Հաջորդ օրը` սեպտեմբերի 23-ին ստորագրվում է Ժելեզնովոդսկի հուշագիրը, որն իրենից ներկայացնում է գործողությունների նախագիծ և հետագայում դրվում է բանակցությունների հիմքում։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը (ԼՂՀ մարզխորհրդի նախագահ), Օլեգ Եսայանը ու Զորի Բալայանը։

Սակայն դրան հաջորդող օրվանից Ադրբեջանը սկսում է հրետակոծել Ստեփանակերտը, ինչն աղետալի իրավիճակ է ստեղծում շրջափակման մեջ գտնվող Արցախի համար և կանգնեցնում է բանակցային գործընթացը։

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության նախագահ (պաշտոնավարում է մինչև 1998 թվականի փետրվարի 3-ը):

1991 թվականի նոյեմբերին ղազախ և ռուս պաշտոնյաներից ձևավորվում է դիտորդական պատվիրակություն։ Այցի օրը Աղդամից Մարտունի օդային ճանապարհին կրակ է բացվում պատվիրակության ուղղաթիռի վրա, ինչի արդյունքում ուղղաթիռն ընկնում է, իսկ ներսում գտնվող բոլոր դիվանագետները մահանում են։ Սա անշուշտ միջազգային սկանդալ էր և բերում է բանակցությունների դադարեցման։

1992 թվականի մարտի 24-ին ձևավորվում է Մինսկի խումբը, որում ընդգրկվում է 10 անդամ պետություն` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխիա, Սլովակիա և Շվեդիա։ Գործընթացին մասնակցում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն դուրս է մնում ԼՂՀ-ն։ Խմբի աշխատանքային օրակարգում ընդգրկվում են զինադադարի կնքման և բանակցային գործընթաց սկսելու դրույթները։

1992 թվականի մայիսի 8-9-ին ազատագրվում է հայկական Շուշի քաղաքը։

1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի քանի բանաձև է ընդունում։ Մասնավորապես.

  1. Ապրիլի 30, N822 բանաձև - անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել ՀՀ ԶՈւ-ն Քելբաջարից (Քարվաճառ), սկսել բանակցություններ:
  2. Հուլիսի 29, N853 բանաձև - կատարել N822 բանաձևի պահանջները։ Բանաձևը դատապարտում է երկու կողմին զինադադար չպահպանելու մեջ։ Պահանջում է ՀՀ ԶՈւ-ն դուրս բերել Աղդամից (Ակնա)։
  3. Հոկտեմբերի 14, N874 բանաձև - վերահաստատում է նախորդ բանաձևերը:
  4. Տարեվերջ, N884 բանաձև - ՀՀ ԶՈւ-ն դուրս բերել Հորադիզից (Հադրութ) ու Զանգելանից (Կովսական):

1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկում հանդիպում են Հայաստանի (Սերժ Սարգսյան` ՀՀ պաշտպանության նախարար), ԼՂՀ-ի (Սամվել Բաբայան) և Ադրբեջանի ներկայացուցիչները։

Մայիսի 8-9-ին միջազգային դիվանագիտական խումբը երկու կողմին կոչ է անում դադարեցնել կրակը, քանի-որ տարածաշրջանային իրավիճակի պատճառով տուժում են նաև իրենց երկրների շահերը։ Հայկական կողմը համաձայնվում է առաջարկին, սակայն ադրբեջանցիները մերժում են։

1994 թվականի դեկտեմբերի 21-ին Արցախի Գերագույն Խորհրդի որոշմամբ Արցախում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ, իսկ դեկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Գերագույն Խորհրդի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ժամկետով ընտրվում է Արցախի Հանրապետության նախագահ։

1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովի ընթացքում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

ԼևոնՏեր-Պետրոսյանն օգտվում է վետոյի իր իրավունքից ու բանաձևը չի ընդունվում։

1997 թվականին Սամվել Բաբայանի միջնորդությամբ հանդիպում են Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Սպարապետը Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը։ Մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է ՀՀ վարչապետ (պաշտոնավարում է մինչև 1998 թվականի ապրիլի 9)։

1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, առաջ է բերում կարգավորման փաթեթային տարբերակը (Հայաստանից ներկա է լինում ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանը)։ Փաթեթում ընդգրկվում է ԼՂՀ կարգավիճակի հարցը, Լաչինի միջանցք եզրույթը։

Շուշին ու Շահումյանը նախատեսվում էր հանձնել երկու կողմին։ Հայկական կողմը (նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյան, վարչապետ` Ռոբերտ Քոչարյան) ընդունում է այս առաջարկը։ ԼՂՀ-ն (նախագահ` Արկադի Ղուկասյան)` մերժում է այն։

1997 սեպտեմբերին առաջարկվում է կոնֆլիկտի կարգավորման փուլային տարբերակը, որը ենթադրում էր արցախյան զորքի դուրսբերում մինչև 1988թ ԼՂԻՄ սահմանագիծ, ինչպես նաև Հայաստան - Արցախ կապ Լաչինի միջանցքով։ Ստեղծվում էր բուֆերային գոտի։ Արցախի բնակչությունը (նաև ադրբեջանական) վերադառնում էր Արցախ։ Շուշիի, Լաչինի և Շահումյանի հարցը մնում էր հետագա բանակցությունների համար։

Այս առաջարկին իր համաձայնությունն է տալիս հայկական կողմը, սակայն Արցախի նախագահը կրկին մերժում է այն։

1998 թվականի ապրիլի 9-ին Ռոբերտ Քոչարյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության նախագահ (պաշտոնավարում է մինչև 2008 ապրիլի 9):

1998 թվականի նոյեմբերին ՌԴ արտգործնախարար Եվգենի Պրիմակովն առաջարկում է կարգավորման «Ընդհանուր պետության տարբերակը»։ Այս տարբերակով ԼՂՀ-ն հանդիսանում էր առանձին հանրապետություն` գտնվելով Ադրբեջանի կազմում։ Հայաստանի Հանրապետությունը կրկին տալիս է իր համաձայնությունը, իսկ ադրբեջանական կողմը մերժում է առաջարկը։

1999 թվականին քննարվում է Մեղրիի միջանցքի Գոբլի պլանը, որը ենթադրում է Մեղրիի շրջանի հանձնումն Ադրբեջանին, Արցախի հետ միասին Լաչինի շրջանի հանձնումը Հայաստանին։ Հայկական կողմը մերժում է առաջարկը։ Այս տարբերակը չի հասնում բանակցային սեղանին։

Ավելի ուշ այս քննարկումները տեղափոխվում են Քի Վեսթի ( ԱՄՆ Ֆլորիդա նահանգի շրջկենտրոն) բանակցային սեղան։

1999 թվականի հոկտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ հանդիպում են Վազգեն Սարգսյանը, Վարդան Օսկանյանը (արտգործնախարար) և ԱՄՆ պետքարտուղարի երկու տեղակալ։ Քննարկում են ղարաբաղյան կոնֆլիկտը։

Քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը գնում է Ազգային Ժողով, որտեղ սպանվում է պատվիրված ոճրագործների ձեռքով։

2000 - 2001 թվականներին Քի Վեսթում տեղի են ունենում մի շարք հանդիպումներ։ Հայկական կողմից ներկա են լինում Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը, իսկ Ադրբեջանական կողմից` Հեյդար Ալիևն ու Ադրբեջանի արտգործնախարարը։

Հիմնական քննարկումներն ընթանում են դիվանագիտական կորպուսի ղեկավարների մակարդակով, իսկ երկրի ղեկավարները «մատնվում են անգործության»։

Քանի-որ Հեյդար Ալիևը, տարիքից ելնելով, հիմնական ժամանակն անց էր կացնում հյուրանոցի իր սենյակում, իսկ Ռոբերտ Քոչարյանը վայելում էր ակտիվ հանգիստը, Ալիևի թիկնազորն իր դժգոհությունն էր հայտնել ծերուկի հետ հյուրանոցում անցկացնելու հեռանկարից։ Անգամ կատակում էին, թե նրանք ցանկանում են տեղերով փոխվել Քոչարյանի թիկնազորի հետ ու հետ չմնալ զբոսաշրջային քաղաքի վայելքներից։

Քի Վեսթում առաջարկվում է դեպի Նախիջևան Սյունիքով կապող միջանցք տալ Ադրբեջանին, իսկ Լաչինով դեպի Հայաստան` Արցախին։ ԱՄՆ կողմը պատրաստակամություն է հայտնում ֆինանսավորել էստակադայի կառուցումը և այն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանի տնօրինությանը։ Այս առաջարկն ընդունում է Հայաստանը, բայց մերժում է հայր Ալիևը։

Երկու երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացները հետաձգում են բանակցությունները։

2004 թվականին հանդիպումները վերսկսվում են Պրահայում։ Այստեղ խոսվում է արդեն Արցախում հանրաքվե իրականացնելու գաղափարի մասին։

2007 թվականի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշանակվում է ՀՀ վարչապետ (պաշտոնավարում է մինչև 2008 թվականի ապրիլի 9)։

2007 թվականին Մադրիդում հանդիպում են երկու երկրների արտգործնախարարները։ Ներկայացվում է 14 կետանոց փաստաթուղթ, որում ներառված են Արցախում հանրաքվե անցկացնելու հարցը (անորոշ ժամկետում), Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցը և 5 շրջանների հանձնումը Ադրբեջանին։

Այս փաստաթղթին երկու երկրների ներկայացուցիչներն էլ կողմ են արտահայտվում։

2008 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանն ընտրվում է ՀՀ նախագահ (պաշտոնավարում է մինչև 2018 թվականի ապրիլի 23):

2008 թվականին ԱՄՆ նախաձեռնությամբ սկսվում է Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլային դիվանագիտությունը։

2011 թվականին Կազանում քննարկվում են Մադրիդյան սկզբունքները, այն է` խաղաղապահ զորախմբի տեղակայում Լաչինի միջանցքում և Արցախում` շփման գծի երկայնքով։ Հայաստանն ընդունում է այս պայմանները, իսկ Ադրբեջանը` ոչ։

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը դիմում է` «կրակի» մոնիթորինգի մեխանիզմներ ներդնելու համար։

2018 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ՀՀ վարչապետ։

Նա մի շարք հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրան անվանում է կիրթ ու կառուցողական։ Հայտարարում է, որ մերժում է բոլոր նախկին բանակցությունները և սկսում է բանակցություններ իր` զրոյական կետից։

Մեհրիբան Ալիևան սպառնում է, թե շուտով Շուշիում թեյ է խմելու մուղամի հնչյունների ներքո։ Նրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրում է Շուշի` մուղամ լսելու։

Միևնույն ժամանակ Աննա Հակոբյանը հայտարարում է, թե Արցախի ազատագրական պայքարում հերոսացած տղաները «զոհվել են հանուն ոչնչի» ու որ անհրաժեշտ է փամփուշտները հալացնել և զարդեր պատրաստել։

Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը 2018 թվականի հուլիսի 9-ին զորակոչվում է ՀՀ պաշտպանության բանակ, իսկ 2020 թվականի հուլիսի 7-ին ավարտում է զինվորական ծառայությունը։ Նշեմ, որ նրա ծառայության ընթացքում սահմանային որևէ բախում չի արձանագրվում։

Աշոտ Փաշինյանի զորացրումից ընդամենը 5 օր հետո` 2020 թվականի հուլիսի 12-ի առավոտյան, սկսվում են տավուշյան մարտերը, որոնք ավարտվում են հայկական կողմի գերազանցությամբ։  Փորձագետների գնահատմամբ այս հարձակումն ունեցել է նախապատրաստական հետախուզական նպատակ` պարզելու ադրբեջանական բանակի ու ռազմավարության բաց և թերի կողմերը։

Այդ պահից Ադրբեջանը հայտարարում է, որ իր քաղաքական ուղղությունն ամբողջությամբ թեքում է դեպի Թուրքիա։ Վերջինս էլ հայտարարում է, որ ինքն այսուհետ հանդիսանում է կոնֆլիկտի կողմ։

Աշոտ Փաշինյանի զորացրումից երկուսուկես ամիս անց` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվում է արցախյան 44-օրյա պատերազմը, որն ավարտվում է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթով։

Միջազգային իրավունքի տեսանկյունից այս ստորագրությունը հնարավոր էր հետ կանչել մեկուկես տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, արհեստական շեղող օրակարգերի ներմուծումը քաղաքական և հասարակական դաշտ, կեղծ ընդդիմության ակտիվ գործունեությունը թույլ տվեցին, որ ժամանակն անցնի ու այլևս հնարավոր չլինի այդ փաստաթուղթը հետ կանչել։

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը դավաճանության և հողեր հանձնելու մեջ մեղադրում է ոչ միայն ձև ու բովանդակություն չունեցող «նախկիններին», այլև Հայոց Սփյուռքին, որ չեն եկել ու չեն ապրել սահմանամերձ գյուղերում։ Այսօր արդեն Զարեհ Սինանյանը հայտարարում է, որ «Հայկական Հարցն այլևս լուծված է»։ Այսօր արդեն հունիսի 1-ին Գյումրի քաղաքում անց է կացվում մանկական շքերթ, որտեղ երեխաները փուչիկների, ծաղիկների ու Հայոց եռագույնի փոխարեն ծածանում են թուրքական կիսալուսինը` արնագույն փալասի վրա։ Փաշինյանը հումորներ է անում մարդասպան Ալիևի հետ, փորձում է հաճոյանալ վաղուց իր մահկանացուն կնքած էրդողանին։ Պատերազմում զոհված տղաների ծնողները սրճարան են գնում նույն Փաշինյանի կնոջ հետ` մաքրելով արյունն այդ կնոջ ձեռքերից։ Նույն Փաշինյանի որդին ամեն կերպ փորձում է բանտախուց ուղարկել իր փոխարեն զոհված մեկ այլ երիտասարդի մորը։

Ժողովուրդը, կարծես ենթարկվելով Հյուգոյի շարադրանքին, վայելում է «հացն ու տեսարանները»։ Իսկ «քաղաքական ընդդիմություն» նշանակված խմբակը պատրաստվում է գնալ արձակուրդ։ Իսկ թշնամին գալիս է, գալիս է ու գալիս …

Սարսափելի իրականությունից վերադառնալով բանակցային սեղանի շուրջ, վերլուծելով բանակցային գործընթացի թղթաբանական և կիրառական կողմերը` արձանագրում ենք, որ մինչև Նիկոլ Փաշինյանի ղեկավարումը հայկական կողմը կիրառել է դիվանագիտական տարբեր հնարքներ, համաձայնվել է փաստաթղթերի բովանդակությանը միայն այն պարագայում, երբ համոզված է եղել, որ բանակցային մեկ այլ կողմ (Արցախի Հանրապետությունը կամ Ադրբեջանը) դեմ են արտահայտվելու։ Թերևս ամենակարևորն այն հանգամանքն է, որ Հայաստանի ու Արցախի սահմանները եղել են անառիկ ու ապահով։ Արցախցին կարողացել է արարել իր հողում և չի մտածել արտագաղթելու մասին։

Նիկոլ Փաշինյանը, «բանակցությունները» սկսելով զրոյական կետից, Հայաստանն ու Արցախը տարել է լայնածավալ պատերազմի, որի արդյունքում մենք կորցրել ենք Արցախի 75%-ը, փակվել է Արցախի կյանքի ճանապարհը, Արցախը Փաշինյանի և իր խունտայի կողմից ճանաչվել է Ադրբեջանի մաս։

Մենք կանգնած ենք նոր, անողոք պատերազմի շեմին, որին դեռ պատրաստ չենք։

Մարինա Խաչատրյան

Disclaimer, views expressed by the authors do not necessarily express the views of the web sites
national-armenia.org
and
scoailist-armenia.org

Հրաժարում պատասխանատվությունից, հեղինակների կողմից արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն վեբ կայքերի տեսակետները
National-armenia.org
և
scoailist-armenia.org

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus