
ԵՐԲ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱԱՐԱԳՐՎԱԾԻ ՀԱԿԱՌԱԿՆ Է - Անահիտ Արփեն
ԵՐԲ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱԱՐԱԳՐՎԱԾԻ ՀԱԿԱՌԱԿՆ Է
(Արձագանք ս/թ մայիսի 31-ին «Հրապարակ»-ի «Ազատ ամբիոն» խորագրի ներքո Ավետիս Բաբաջանյանի «Փորձ՝ փրկելու ԱԺԲ-ի ընդդիմադիր վարկանիշը» հրապարակմանը)
https://hraparak.am/post/2a84a02fe2a99365d9cb18464648bdbf
ԱԺԲ-ի դեմ անհամոզիչ ու կանխակալ այս հրապարակումը ներկայացվում է որպես հայ հասարակության դիտարկում ու նրա հավատալու կամ չհավատալու չափանիշ: Մայիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին բանտարկելը, այո, կապ չունի արդարադատության հետ, որովհետև մեր երկրում չկա արդար կամ անաչառ դատական համակարգ. այս վարչակարգը այն սիրով ժառանգել է նախորդ իշխանություններից, որոնք այսօր իբր ընդդիմություն են ներկայանում: Սակայն հոդվածագիրն ամեն ինչ կապում է միայն ներկա վարչակարգի հետ: «Սասնա Ծռերի» բանտարկությունը համարելով ոչ թե քաղաքական պատվերի, այլ քաղաքական հաշվարկի արդյունք, որը նաև խորհրդարանային «ընդդիմության» սրտով է՝ նա հանգամանորեն լռում է վերջիններիս մեղքերի մասին: Մեր մեջ ասած՝ ամեն ոք որևէ մշակույթի կամ ենթամշակույթի կրող է, իսկ 10-25 տարվա բանտարկություն շալակելու համար գործարքի գնալն հնարավոր համարող մտածողությունը գողական ենթամշակույթի դրսևորում է։
Ընդհանրապես, գործարքը ենթադրում է փոխադարձ շահ կամ օգուտ։ Ո՞րն է Փաշինյանի օգուտը, երբ ԱԺԲ-ն նույնությամբ շարունակում է հակաիշխանական քաղաքական իր գիծը: Լավագույն օրինակը Լավրովին «պերսոնա նոն գրատա» հայտարարող ակցիան էր, մինչդեռ իշխանություն ու «ընդդիմություն» մրցում էին, թե ով Կրեմլի աչքում ավելի համոզիչ կապացուցի ՌԴ-ին իր նվիրվածությունը։ Ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի, թող լսի։
Ավելի տրամաբանական չէ՞ հետևություն անել, որ ով բանտարկված է, նա մեկուսացված է ներկա ու նախկին իշխանությունների նույն համակարգի կողմից։ Իսկ ով ոստիկանության բարյացակամ հայացքի տակ ազատ ճամբար է խփել՝ անժամկետ խաթարելով բանուկ հրապարակի երթևեկությունը, նրան էլ հանդուրժում է իշխանությունը: Ինչքան էլ որ անձնական ու մրցակցային հաշիվներում միմյանց կոկորդ կրծեն, ի վերջո, միմյանց կենսունակությունը պահպանելու համար, վճռորոշ պահերին նրանց գործունեությունը միշտ էլ փոխհամաձայնեցվել է: Իսկ ԱԺԲ-ի դեմ իշխանություն-«ընդդիմություն» միասնական են։
Ձերբակալությունները սովորաբար նկարահանվում են և հրապարակվում: Ուրեմն, եթե «Սասնա Ծռերի» բանտարկությունը հոդվածագրի ասած նպատակով գործարք լիներ, առավել ևս պետք է ցուցադրեին, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսներ և իմանար, որից հետո արդեն վարկանիշ փրկելու հաջող կամ անհաջող փորձ դառնար: Բայց երևում է պատվիրատուն վարկանիշ ձևավորող հայ հասարակությունը չէ, իսկ ձերբակալությունները հասարակական հնչեղություն տալու նպատակ չէին հետապնդում, այլ՝ ճիշտ հակառակը:
Չհանրայնացրին, որովհետև ժամանակին ներկա իշխանությունն ինքն է Ծռերի ապստամբությունից օգտվելով վարկանիշ ձևավորել ու հետո, նրանց խափանման միջոցը գրավով փոխելը հասարակության մեջ տարածել, թե իբր ազատեց Ծռերին: Իսկ Փաշինյանն այն մարդը չէ, ով իր վարկանիշի հաշվին որևէ մեկին որևէ հարցում կընդառաջի, այն էլ՝ իր քաղաքական հակառակորդին: Բայց հոդվածագիրը «Սասնա Ծռերի» բանտարկությունը չի բնորոշում ազգային ուժերի հանդեպ միասնական թշնամի նախկինների ու ներկաների ընդհանուր տիրոջ քաղաքական պատվեր, որովհետև իր առաջ քաշած վարկածը, որի ապացուցմանն էլ նվիրված է իր երբեմն անտեղյակ թվացող վերլուծությունը, կփլվի: Իսկ նրա արտահայտած մյո՛ւս մեղադրանքները գրեթե նույնությամբ կրկնում են ԱԺԲ-ի քաղաքական հակառակորդների ասպարեզ նետած ոչ նոր թեզերը: Ավելին, վերլուծություն կոչվածը ոչինչ չի ապացուցում, որքան էլ որ ներկայացվում է իբրև բացարձակ իրականություն, այլ ոչ թե տպավորություն, ենթադրություն կամ գոնե մասնավոր կարծիք: Քանի կար «Սասնա Ծռերին» Սերժի «պրոյեկտ» լինելու մեջ էին մեղադրում, հետո՝ Քոչարյանի, ապա՝ Նիկոլի: Երևում է՝ աղբյուրն ու ձեռագիրը նույնն է:
Մի պարզ հաշվարկ էլ մենք անենք: Մայիսի 27-ին ՀՀ Վարչապետը հանդիպում է ՌԴ դեսպանին և հաջորդ օրը՝ Հայաստանի Հանրապետության համապետական տոնի օրը, որը աշխատանքային չէր, լույսը չբացված՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին բանտարկում են: Անզեն աչքով և առանց լուրջ վերլուծությունների էլ երևում է, թե ում հանձնարարականով կամ ում հետ գործակցելով կարող էր մինչև մայիսի 28-ը չհրապարակված, հետևաբար և չեղած որոշումով կատարվել հիշյալ ձերբակալումը: (Հոդվածագրի վկայակոչած հայտարարությունը հրապարակվել է մայիսի 28-ին, տոնական, ոչ աշխատանքային օրով, այն էլ՝ ի պատասխան «մամուլում տեղ գտած հրապարակումների» https://court.am/hy/news/792# ) :
Հոդվածագիրն իհարկե բառ անգամ չի խոսում նախկին իշխանությունների կատարած հանցագործությունների մասին: Չի ասում, որ Փաշինյանը չազատազրկեց մարտի մեկի գործով ոչ մի հանցագործի, իսկ մյուս նախկին ղեկավարը սոսկ վառելիքի գծով վկա էր: Չպատժվեց երկիրը ռազմական պարտության տարած, ազգին հազարավոր զոհեր պատճառած որևէ մեղավոր: Իսկ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները, որոնք ապստամբել էին նրա իսկ իբր մերժած նախորդ իշխանությունների դեմ, դատապարտվեցին մինչև 25 տարվա ազատազրկման: Բայց չգիտես ինչու, հոդվածագիրը ԱԺԲ-ին է գործակից համարում: Եվ այնքան է տարվում ԱԺԲ-ին սևացնելու գործով, որ սկսում է «չքմեղ միամտությամբ», բայց իրեն դատախազի իրավասություն վերապահելով՝ կուսակցություն փակելու կոչ անել, որը ձեռնտու է և՛ ներկա վարչակարգին, և՛ խորհրդարանի «ընդդիմությանը», որովհետև ԱԺԲ-ն ոչ միայն հայտարարում է, որ վարչապետը պետք է հեռանա և ազգային ժամանակավոր կառավարություն ստեղծվի, այլ նաև իրավաքաղաքական գնահատական տալով նախկին ու ներկա իշխանությունների գործունեություններին՝ դատելու է բոլոր մեղավորներին: Եվ հոդվածագիրը պահանջում է փակել մի քաղաքական ուժի գործունեություն, որը կեղծ ընդդիմադիրներին չմիացավ, փողոց դուրս չեկավ ու նրանց հետ բախման չգնալով՝ ժողովրդին չտարավ արյունահեղության:
Ի դեպ, ԱԺԲ-ն կուսակցություն չէ, այլ ազգային ազատագրական շարժում, որի հետքն անգամ չկա իշխանություն-խորհրդարանային «ընդդիմություն» հակամարտության մեջ: Ավելին նրանց վարած քաղաքականություններն էապես չեն էլ տարբերվում: Երկուսն էլ Արցախի հարցի լուծման մեջ ինքնորոշում են ասում, իսկ ԱԺԲ-ն՝ «Արցախը Հայաստանի մաս է»: Ի տարբերություն ԱԺԲ-ի՝ խորհրդարանային «ընդդիմության» մտքով անգամ չի անցնում չեղարկել նոյեմբերի 9-ին իշխանության ստորագրած հայտարարությունը, որը կործանում է այն նույն Արցախը, որի փրկության համար իբր իրենք պայքարում են: «Ընդդիմադիր» կոչվածներն իբր դեմ են թուրքերի հետ բարեկամությանը, բայց սահմանազատման ու սահմանանշման հարցում չեն հակադրվում իշխանությանը և այդ գործընթացի հիմքում չեն առաջարկում այլ փաստաթուղթ: Օրինակ ՀԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարում, որպեսզի, ինչպես ԱԺԲ-ն է պահանջում, Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները դիտարկվեն 1918 թ. Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդությամբ, որին միջազգային փաստաթղթերով պատկանում են ոչ միայն Արցախն ու Նախիջևանը, նաև՝ Գարդմանքը: Ոչ ոք, բացի ԱԺԲ-ից, ժողովրդին չի խոստանում ՀՀ բոլոր իշխանությունների գործունեության իրավաքաղաքական գնահատական, պետական մասշտաբի հանցագործությունների բացահայտում, բռնատիրական համակարգի ժողովրդականացում ու անցումային արդարադատություն, որով հավասարապես վտանգվում են և՛ իշխանությունների, և՛ խորհրդարանային «ընդդիմությունների» կարկառուն դեմքերը: Վերջապես, արտահերթ ընտրությունների ամբողջ համապատկերում ավելի քան հստակ է երևում, թե ով ում հետ է համագործում, ում մերժում: Ի դեպ, ինչպես ներկա իշխանությունն արեց՝ ժամանակին մերժելով միայն անձը և աթոռ նվաճելով, նույնն էլ հիմա կրկնում է խորհրդարանային «ընդդիմությունը»՝ դեմ լինելով վարչապետի անձին, ոչ թե տիրող ապազգային վարչակարգին: Մինչդեռ ԱԺԲ-ն պաշտպանում է ինքնիշխան, ազատ, անկախ, միացյալ, ժողովրդավարական Հայաստանի գաղափարը, որը չի լսվում հոդվածագրի նշած ոչ մի կուսակցության, հասարակական խմբերի, խորհրդարանային «ընդդիմության» կամ նրան սատարողների կողմից: Իշխանության մասին էլ չասենք: Այսքանից հետո հոդվածագիրն ուզում է հավատացնել, թե ներկա իշխանություններն ԱԺԲ-ի հետ են գործակցում, ոչ թե խորհրդարանային «ընդդիմության»: Հետևությունները թողնենք նույն հասարակությանը, որին հղում է անում ինքը՝ հոդվածագիրը:
Այնուհետև հոդվածի հեղինակը նկարագրում է խորհրդարանի «ընդդիմության» հրապարակ դուրս գալը և Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը՝ առանց ակնարկելու անգամ, որ դա տեղի ունեցավ հենց ԱԺԲ-ի նույնպիսի վճռական հայտարարությունից հետո և արտաքուստ կրկնում էր ԱԺԲ-ի կարգախոսները, սակայն՝ գաղափարն ու պահանջներն աղավաղած: Անգամ ԱԺԲ-ի սկսած «Դռնեդուռ» նախաձեռնությունը, առանց անվանումը փոխելու, կրկնօրինակեցին՝ նպատակ ունենալով մոլորեցնել, շփոթության մեջ գցել իրենցից վանվող մարդկանց և ստիպել չտարբերելու ԱԺԲ-ի ազատագրական շարժումն իրենց կազմակերպած ինչ-որ (հայտնի չէ, թե ինչի դեմ) դիմադրական շարժումից: ԱԺԲ-ն բնականաբար պետք է առայժմ կասեցներ իր «Դռնեդուռ» նախաձեռնությունը:
ԱԺԲ-ին իշխանությունների հետ կապող հոդվածագիրն աչք է փակում, որ իշխանություն ու «ընդդիմություն» միասին են ԱԺԲ-ի ճամփան փակում: Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանների առատությունը վկա: Իշխանությունները ԱԺԲ-ին երբևէ թույլ չեն տվել անձրևից, ձնից ու քամուց պաշտպանող թեկուզ մեկ հատիկ վրան տեղադրել՝ անգամ երթևեկությունից հեռու վայրում, ուր մնաց թե քաղաքի բանուկ հրապարակում, որտեղ երթևեկությունը խաթարող «ընդդիմադիրների» ճամբարում շատ հաճախ, հանրահավաքից դուրս ժամերին, վրաններն ավելի շատ են, քան մարդիկ և բարեխղճորեն հսկվում են իր բնութագրած բռնատիրական վարչակարգի ոստիկանության կողմից: Հենց այն համակարգի ոստիկանների, որն էլ դատել ու ազատազրկել է ապստամբած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Հետաքրքիր է, հոդվածագրի կարծիքով նույնպե՞ս պատանու աչքը թափող ոստիկաններն անմեղ են, Օսիպյանն ու ոստիկանության աշխատակիցները տուժող կողմ են, իսկ համակարգի կողմից սպանված Տեփանոսյանի հայրը, որը պնդում է որ իր որդուն Ծռերը չեն սպանել, տուժող կողմ չէ:
Այսպիսով, ավելի հստակ է երևում, թե ով է ում հետ գործարքի մեջ: Ով աչք ունի, կտեսնի, որ իրականությունը հոդվածագրի ասածի ճիշտ հակառակն է: Մանավանդ, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ մանրամասներով ու անվանական է նա անդրադառնում այսօր Ֆրանսիայի հրապարակում դիմադրություն ներկայացնողների «զրկանքներին» և թե ում է քաղբանտարկյալ ներկայացնում, ում մասին չի էլ հիշատակում:
Հոդվածագիրը, ստանձնելով կեղծ ընդդիմության պաշտպանի դերը, խոսում է միայն նրա՛նց ձերբակալությունների կամ քրեական գործերի մասին, բայց ոչ մի բառ չի ասում, որ դեռևս 2020 թ-ից ի վեր ԱԺԲ-ի համակիրների, աջակիցների ու խորհրդի անդամների դեմ հարուցված գործեր կան և առ այսօր գործեր են հարուցվում, և որ նրանց դեմ առաջին հերթին է իր հիշատակած վարչակարգը կիրառել ու կիրառում վիրավորանքը քրեականացնելու օրենքը: Բայց իշխանական կամ «ընդդիմադիր» որևէ լրատվական այդ մասին չի բարձրաձայնում:
Նույն կանխակալությամբ էլ հոդվածագիրը վարկանիշի հարցում է հակառակն ասում. իրականում ԱԺԲ-ի ընդդիմադիր վարկանիշն ավելի էր բարձրանում և անհրաժեշտ էր շտապ, նախքան ազգային տոնի մեկնարկը, կասեցնել՝ ում հնարավոր է արագ բանտարկելով: Մանավանդ որ, ինչպես ինքն է հիշեցնում, ասել էին, որ հաջորդ հանրահավաքից հետո տուն չեն գնա, մինչև Փաշինյանին չհեռացնեն: Իսկ հասարակության ու ժողովրդի աչքը վախեցնելու համար ավելի ազդեցիկ միջոց, քան բանտն է, հազիվ թե գտնվի: Ի դեպ, հոդվածագիրը մի ակնարկ անգամ չի անում, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ կա, որին Փաշինյանի վարչակարգի դատարանը սպառնում է ցմահ ազատազրկել, և որը 1916-ի ապստամբությունից ի վեր, ակնթարթ անգամ չի գտնվել ազատության մեջ: Հակառակը, անվերջ հիշատակելով 7 հոգի և նրան էլ ներառելով գրավով ժամանակավոր ազատության մեջ գտնվողների թվում՝ ներկայացնում է, թե ԱԺԲ-ից բոլորն ազատության մեջ էին, պետք է իրենք էլ բանտարկյալ ունենային: Իրականում ԱԺԲ-ի ղեկավարները հոդվածագրի ասածի կարիքը չունեն, որ իբր արդեն հայտարարեն իրենց դեմ իշխանական հետապնդումների ու արդարադատության բացակայության մասին, քանի որ դա նրանց համար նորություն չէ: Ընդհակառակը՝ թող այլևս ոչ ոք չասի, թե իբր ժողովրդի «պողպատե մանդատն ունեցողը» Ծռերին ազատել է:
«Սասնա Ծռեր» խմբավորման ապստամբությունն արժևորողներ եղել են և դեռ կլինեն: Իրականությունն ում հետաքրքում է, թող նրանք ավելին ուսումնասիրեն, ոչինչ միակողմանի և կանխակալ չդիտարկեն, ամեն ինչ համեմատեն, սեփական վերլուծություններն ու հետևություններն անեն, թե ով է ում վարկանիշը փրկելով զբաղված, ով ում հետ ինչ գործարք է կայացրել, Հայաստանը իբր փրկելու համար ով է փող բաժանելով մարդ հավաքում հանրահավաքների, իսկ այդ գործում ով է գաղափար ու ծրագրեր նվիրելով՝ ժողովրդին, թեկուզ սուր, կտրուկ, ցավոտ, բայց ճշմարիտ խոսք ասում: Ի դեպ հոդվածագիրն այնպես է խոսում, թե իբր ԱԺԲ-ն անորոշ ժամանակով երկարաձգել է Փաշինյանին հեռացնելու իր խոստումը, որ կարելի է կարծել, թե նախապես օր կամ որևէ ժամկետ է նշանակված եղել:
Եթե կգտնվի որևէ մեկը որ կցանկանա ինչ-որ բանում մեղադրել ԱԺԲ-ին, կարող է ընդամենը ասել, որ ընդդիմադիրները խանգարում են ԱԺԲ-ին՝ իրականացնելու իրենց պլանները, կարող են մեղադրել, որ ԱԺԲ խորհուրդը չի ցանկանում բախումների տանել ժողովրդին, ենթարկել սադրանքների և աշխատում է իր պայքարը մղել ժողովրդի համար անցնցում: Ինչը, որ չես ասի Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան քառյակի ղեկավարությամբ 2008-ին կատարվածի մասին: Ուստի, կրկին ակամա ենթադրում ես, որ հոդվածագիրն իր վերոնշյալ հոդվածը «արարել» է ոչ պատահաբար և ոչ միայն «Սասնա Ծռեր» խմբավորման ու ԱԺԲ-ի դեմ, այլ նաև՝ ի պաշտպանություն հիշատակածս քառյակի: Աստված իրեն դատավոր: Մի բան ակնհայտ է. նա իրավասու չէ խոսելու այլոց անունից և իր նյութը ներկայացնելու որպես հայ հասարակության դիտարկում:
Author : Անահիտ Արփեն
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)