ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴ Է ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ - Վարուժան Ավետիսյան

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴ Է ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ - Վարուժան Ավետիսյան
shadow
Ազգային - Ժողովրդավարական Բևեռի ֆայբուկեան էջեն կը կարդանք : վարուժան Ավետիսեանի յայտարարութիւն

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռի ֆայբուկեան էջեն կը կարդանք : վարուժան Ավետիսեանի յայտարարութիւն

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴ Է ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

Մեր աչքի առջև տեղի ունեցող հայկական պետականության գահավիժումը ազգային ինքնության ճգնաժամի հետեւանքներից մեկն է:

Մենք՝ հայերս, քաղաքական գիտակցականությամբ խցանվել-մնացել ենք 20-րդ, իսկ որոշ առումներով՝ նույնիսկ 19-րդ դարի իրողությունների ազդեցության տակ: Չնչին բացառություններով այս վիճակում են նույնիսկ իբր աշխարհատես եւ հաջողակ հայերը, մինչդեռ ըստ բոլոր արտաքին հատկանիշների նրանք պետք է աշխարհի հետ ոտք մեկնեին եւ առաջնորդեին մեր ժողովրդին:

Այդպես չէ, որովհետեւ նրանք իրականում օտար համակարգերում ուծացած կապկողներ են, որոնց մեջ ազգայինը լավագույն դեպքում Մասիսի նկարն է, Ցեղասպանության ցավը եւ տոլմայի կամ խորովածի համը:

Մենք նման ենք մի հինավուրց ծառի, որի միայն արմատներն են դեռեւս առողջ, մինչդեռ բունը կիսով չափ փտած է, պսակը՝ հիմնականում որդաճարակ, պտուղների մեծ մասը՝ փչացած:

Ծառի արմատը մեր էությունն է, բունը՝ ինքնությունը, պսակը՝ գիտակցությունն ու հարաբերությունները, իսկ պտուղը՝ մարդիկ:

Այդուհանդերձ, նախկինում մենք միշտ կարողացել ենք վերջին պահին ոգով, մտքով եւ գործով ծառս լինել եւ հետ չընկնել պատմության գնացքից:

Հիմա դարձյալ այդպիսի վերջին պահ է:

Սակայն, մեր վիճակի անգամ հպանցիկ գնահատականը հանգեցնում է անողոք եզրակացության. այս անգամ մեկանգամյա գերմարդկային ճիգը՝ պայմանական Ավարայրը կամ Սարդարապատը, այլեւս բավարար չէ պատմության գնացքում մեր տեղն ապահովելու համար:

Հարյուր տարի առաջ Հայոց պետականության վերածնունդն արձանագրած Հայաստանի Հանրապետության օրոք մենք արդեն կես-կես եւ ժամանակից հետ ընկած վիճակում էինք, ուստի կորցրեցինք ահռելի արյան ու տառապանքի գնով ձեռք բերած պետականությունը:

Երեք տասնամյակ առաջ հանգամանքների բերմամբ նորից անկախություն ձեռք բերելուց հետո շարունակում ենք ապրել ինքնազուրկ, վերացական անվտանգություն եւ կենցաղային բարեկեցություն տենչացող զանգվածին բնորոշ քաղաքական տխմարության եւ մոլորության մեջ: Որպես արդյունք, արդեն ակնհայտորեն տեսնում ենք ոչ միայն պետականությունը, այլեւ մեր ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը կորցնելու ահագնացող հեռանկարը:

Մեղավորը մենք ենք: Հայոց ոգեկիր էպոսային դից Փոքր Մհերին մենք ենք բանտել մեր հոգու քարանձավում: Մենք, որ «հայրենի հողն» ենք՝ հարամել ենք, ցեխ ենք դարձել, այդ պատճառով Մհերի ձին խրվում է ու չի կարողանում առաջ գնալ:

Մոռացել ենք մեր էությունը, եղծել ենք մեր ինքնությունը եւ ուրացել ենք մեր առաքելությունը:

Բայց, որքան էլ ծանր է վիճակը եւ ահարկու են մարտահրավերները, ունենք վերածնվելու եւ պատմության անիվը շուռ տալու խոստումնալից հնարավորություն: Քանի որ հիմա աշխարհն անհամեմատ ավելի բաց է եւ հասանելի: Այսօր հայությունը կարող է լինել հաղորդակից եւ ներառական, ուստի՝ արդյունավետ եւ մրցունակ: Այսօր, ի տարբերություն երեկվա, կարող ենք ամբողջական հայացքով վերատեսնել անցյալը, վերաճանաչել մեր էությունը, նորացնել մեր ինքնությունը եւ վերաստանձնել մեր առաքելությունը, այդու՝ հասկանալ ներկան եւ ըստ այդմ կառուցել ապագան:

Մեր արի եւ իմաստուն նախնիները դարերի խավարը ճեղքելով վառ են պահել եւ մեզ են փոխանցել Լույսի կանթեղը՝ Արարատյան մարդու իմաստնությունը:

Բոլոր հայերը, որ մտահոգ են հայության ինքնության եւ պետականության պահպանության համար, այլեւս պարտավոր են գիտակցել, որ մեր ինքնությունը, ուստի նաեւ՝ մեր պետականությունը, չեն կարող պահպանվել ընդամենը Մասիսի պատկերի առաջ ա՜խ քաշելով, Ցեղասպանության ցավը հիշելով, առավել եւս՝ տոլմա կամ խորոված ուտելով:

Մենք՝ հայերս, Արարատյան քաղաքակրթության ակունքի տերն ու պահապանն ենք: Մեր առաքելությունն է լինել քաղաքակրթության ջահակիր, այլ ոչ թե սրա-նրա փեշի տակ ծվարած անփառունակ գոյ:

Ներկայումս մարդկությունը հայտնվել է հերթական քաղաքակրթական փակուղու առջեւ: Մենք որոշիչ անելիք ունենք: Կամ կստանձնենք այդ բեռը եւ Լույսի կանթեղը կդարձնենք համամարդկային փարոս, կամ կվերանանք որպես անպիտանացած պատմական մնացուկ:

Արդ՝ մտածե՛նք մեզ վիճակված այս մեծ եւ ահարկու առաջադրանքին համապատասխան եւ նախ դառնանք մեր էությանը, վերակերտե՛նք մեր ինքնությունը, որպեսզի կարողանանք ստեղծել մեր առաքելությանը հարիր պետականություն, վերատիրանալ Հայրենիքին եւ վերաամբողջանալ ու վերածնվել:

Միայն այդպես մենք կարող ենք հաղթահարել ոչինչ լինելու պարագայում երեւակայական դաշնակիցներին ապավինելու կործանարար ու պառակտիչ մտայնությունները, բացել մեր հոգու եւ մտքի աչքերը եւ ազատություն տալ մեր ստեղծագործ ձեռքերին:

Դաշնակցում են միտք, ուժ եւ կամք ունեցողի հետ: Իսկ հաշմանդամին լավագույն դեպքում խղճում են եւ անկելանոց են տալիս, ոչ թե ճանաչում են նրա Հայրենիքի ու առաքելության իրավունքը:

Դուք, որ ընտրել եք ազգը եւ Հայրենիքը, կամա թե ակամա զինվորագրվել եք ինքնության եւ պետականության ժառանգորդության պահպանման եւ փոխանցման գործին:

Դուք այլեւս չեք կարող լինել կես-կես, ի միջի այլոց, գերադասել ձեր անձնական գործերը: Դուք առնվազն կանչված եք: Եւ մշտապես կանգնած եք անկյալ կամ ընտրյալ լինելու ճամփաբաժանի առջեւ:

Եղե՛ք ընտրյալ, ընտրե՛ք ուժեղ եւ առաջնորդ լինելու ձեր առաքելությունը, օտարից բան ակնկալելուց առաջ նախ բան եղեք: Այդժամ օտարը կփնտրի ձեր ընկերությունը:

Պատրա՛ստ եղեք անձնական, նյութական, կյանքի ժամանակի եւ այլ զոհաբերությունների, ջա՛նք թափեք եւ մի՛ երկմտեք, քանի որ անպայման պտուղները կքաղեք:

Հայաստանը եւ հայությունը կարո՛ղ են եւ պարտավո՛ր են վերակազմակերպվել որպես արդի աշխարհառազմավարական նախագիծ («Հայք»/"Armenia" նախագիծ) եւ վերաստանձնել իրենց համամարդկային Արարատյան առաքելությունը:

Ի գո՛րծ:

Վարուժան Ավետիսյան

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus