Աննա Մեկունց բանաստեղծութիւններ

Աննա Մեկունց բանաստեղծութիւններ
shadow
Եւ ինչքան քո երազածը չեմ ես։
Ինչքան թերի եմ և սխալ...
Եւ ամեն դեպքում, ես կվերածվեմ մի օր
Թիթեռնիկից` Արծվի,

Աննա Մեկունց

https://www.facebook.com/annamekunts23/posts/pfbid0emLrubsT47KYtmfSxt3BSk2MsyKnU3NNUDAh3ufRFB65t3wXXpnhbEEEJWC8pxbxl

Ես սովորություն եմ դարձրել

Քեզ ամեն գիշեր

Խմիչքի նման

Լցնել ստամոքսիս մեջ...

Քեզ տաք նախաճաշ պատրաստել,

Ու նայել դատարկ աթոռիդ...

Սովորություն եմ դարձրել այլևս

Չկարդալ Աստվածաշունչ,

Ու չաղոթել հանուն փրկության ...

Որովհետև աղոթքներս այժմ քո դիմագծերն ունեն...

Եւ մտքիս մեջ Աստված քո աչքերից ունի...

Բաց թողնել տարակուսող եսիս

իր` քեզ հետ տարվող սուր պայքարի մեջ,

Ու ազատ,

առատորեն շնչել խոր շնչով։

Հետո հասկանալ, որ ինչ-որ խո՜ր տեղ ցավում է իմ մեջ, ու էլ չի բուժվում. որովհետև այն... չի էլ բուժվում։

Ես սովորություն եմ դարձրել

Հիշել, որ արժանի չես ինձ.

Հակառակ դեպքում սիրտս քարանում է,

Իսկ դու իմ սիրտն ամենաշատն ես սիրում։

Սովորություն եմ դարձրել գրկել ետնաբեմերը,

Որովհետև սովորեցրել ես ինձ սիրել Բեմերը։

Սովորություն եմ դարձրել քաղցր թեյը,

Որովհետև առանց դրա չստացված են առավոտներդ...

Սովորություն եմ դարձրել գինին` տխուր երգերի մեջ խառնելով...

Այնտեղ, որտեղ դու այլևս հիշողություն ես,

Իսկ ես` դատարկ գոյություն։

Սովորություն եմ դարձրել շուտ արթնանալ,

Որ հեռվում վաղ արթնանալիս,

Մենակով չատես առավոտներդ բացված,

Ու իմանաս` քեզ հետ եմ ես...

Չնայած այն բանին, որ միրաժ եմ ես։

Ես սովորություն եմ դարձրել

սիրել Աստվածանման...

Ներել` հրեշտակային...

Այրվել սատանայական...

Ու քանդվել քաոսանման միայն...

Սովորություն եմ դարձրել

Չատել քեզ երբևէ,

Դու էլ, խնդրում եմ, սովորություն դարձրու,

և մի խնդրիր քեզ մոռանալ։

Ու գրչիցս նեղանալ մի փորձիր երբևէ։

(Ես տասն անգամ մահացա անքեզ մնալուց...)

Մի ստիպիր նորից, անդարձ մահանալ,

Եւ մի խլիր գրականությունս ինձնից,

Դա միակ վայրն է, որտեղ դու ամփոփված ես...

Իմն ես։

#մեկունց

https://www.facebook.com/annamekunts23/posts/pfbid02BGDgCDK5rhBH8AUGXvdcrvqeaicJBRRgeYcPg3MbYskvg2AEeYu6LG3KoVzdA5gal 

Մայրս միշտ ասում է...

Մայրս միշտ ասում է, որ ինքը շփոթել է ինձ ծննդատանը, և անհնար էր իրենից ծնվեի ես։

Մայրս, ով սովոր է ոտաբոբիկ քայլել կյանքի դժվարությունների փշերի վրայով,

առանց մի ավելորդ "վայ,, անելու,

Ով իմ աչքերում միշտ եղել է խրոխտ ու խիստ զինվորական 《տղամարդ》 ԿԻՆ,

Ումով ես միշտ և շարունակ հիանում ու հիացել եմ,

Հավասարեցնում եմ միշտ ԱստվածաԿնոջ,

Միշտ ասում է, որ ես պիտի դուրս գամ իմ գրքային սիրուն աշխարհից...

Մամ, դու երևի հիմա կարդում ես, հերթական,

Քո աղջկա խզբզանքը, որը միայն ես եմ

Գրականություն կոչում,

Եւ մտորումներով փնտրում ես տառասխալներս...

ու մոռանում ես, մեկ֊մեկ,

Որ Աստված քո ձեռքերի մեջ օրհնված ուժով է իմ "Ես,,֊ը ստեղծել։

Որ դու ինձ մեծացրել ես որպես ճախրող թիթեռնիկ` գունավոր աշխարհում,

Իսկ հիմա ասում ես`

֊աղջիկս արծիվ եղիր, որովհետև կյանքը որս է։

Դու իմ ձեռքերի հետևում բամբակե թևեր ես աճացրել,

Ու ես քո ձեռքերով ճախրել եմ սովորել,

Իսկ հիմա կրակով այն վառում են մարդիկ,

Եւ դու ասում ես`

֊թևերդ վայր դիր, իջիր, որովհետև օդում ապրողները ծանր ու ցավոտ են ընկնում։

Դու իմ մեջ սիրտ ես դրել ու խիղճ, մամ,

Իսկ հիմա այդ խղճի և այդ սրտի արանքում

Միայն ցավ ու տանջանք է, որովհետև ես պատրաստ չէի

Մատաղացուն լինել գայլերի մեջ...

Մամ, սիրիր իմ էությունը, որը դու ես կերտել,

Իմ տունն այնքան դատարկ է առանց քո շնչի։

Իմ պատերը փլվում են անքեզ առավոտի մեջ,

Եւ խեղաթյուրվում է գրականությունս, որտեղ Դու իմ Աստվածը չես։

Այն մարդուն, այն աղջնակին,

Ում դու հունցեցիր քո իսկ ձեռքերով,

Այսօր աշխարհը հոշոտել է փորձում,

Եւ դու, որ միշտ հավատս ես եղել,

Առանց մոլուցքի և մոմավառության`

Եղել ես Ուժ որ լինեմ ուժեղ.

Մամ, ես քո փոքրիկ աղջնակն եմ,

Երկար ծամիկներով ծուռումուռ քայլող փոքրիկը,

Որ քո գալուն միշտ սպասել է Նոր Տարվա պես,

Եւ հպարտացել, հիացել, նմանակել ու փորձել

Լինել քեզ ու քո էությանը մոտ։

Ես քեզ հիմա սպիտակ գիր եմ գրում,

Ասելու համար ինչքա՜ն իմն ես դու։

Եւ ինչքան քո երազածը չեմ ես։

Ինչքան թերի եմ և սխալ...

Եւ ամեն դեպքում, ես կվերածվեմ մի օր

Թիթեռնիկից` Արծվի,

Վայր կդնեմ թևերս, որ կյանքի համը զգալուց շատ չդառնանամ ներսովս,

Չմոռանամ սրտիս տեղը ու չհերքեմ խղճիս,

Եւ մատաղացու այլևս չկոչվեմ։

Մայրս միշտ ասում է.

-Եթե ես լուռ եմ աղջիկս` ուրեմն դեռ (միշտ) սիրում եմ քեզ...

Իսկ ես նոր եմ հասկանում մի շարք լռություններ...

Ես քեզ սիրում եմ, մամ։

Մայրս միշտ ասում է...

#մեկունց

Related to category Cultural

Related to subcategory Poetry

Comment on Facebook

Comment on Disqus