
Արմեն Աղայան ԻՆՉՊԵ՞Ս ԳՆԱՀԱՏԵԼ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագիր կամ գաղափարական սկզբունքներ կարդալիս միանգամից հասկանում ես, թե այս կուսակցությունը իրապե՞ս փորձում է սպասարկել քաղաքական դաշտի կոնկրետ հատվածի, թե՞ ամբոխհաճ դատարկաբանություն է։
Արմեն Աղայան
ԻՆՉՊԵ՞Ս ԳՆԱՀԱՏԵԼ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Միանգամից ասեմ, որ կուսակցություն ասելով նկատի ունեմ իրական կուսակցությունը, այլ ոչ թե ինքնահռչակ կուսակցապետերի գրանցած քաղաքական ՍՊԸ-ները։ Իրական կուսակցություններ շատ հազվադեպ են ստեղծվում և շատ դժվար, չեն ունենում սեփականատեր, ֆինանսավորող, լինում են բազմանդամ և գաղափարական։
Ի տարբերության մեծամասնության, ինձ համար բացարձակ կարևոր չէ նոր ստեղծվող կուսակցության հիմնադիրների կազմը, նրանց մութ կամ փառավոր անցյալը, կրեմլի գործակալ կամ սորոսի գրանտակեր լինելը, մտավոր կարողությունները, անձամբ ինձ հետ լավ կամ վատ հարաբերություն ունենալը։
Կարևոր են միայն երկու բան՝ նոր ստեղծվող կուսակցության ԾՐԱԳԻՐԸ և ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, կամ էլ գաղափարական և կազմակերպական սկզբունքները։ Հասկացող մարդուն դրանք ամեն բան ասում են։ Իսկ կուսակցականները շատանում են, գալիս ու գնում են։ Ծրագիր ու կանոնադրությունն են որոշիչն այն հարցում, թե ում կձգի տվյալ կուսակցությունը, իսկ ում կվանի։
Ծրագիր կամ գաղափարական սկզբունքներ կարդալիս միանգամից հասկանում ես, թե այս կուսակցությունը իրապե՞ս փորձում է սպասարկել քաղաքական դաշտի կոնկրետ հատվածի, թե՞ ամբոխհաճ դատարկաբանություն է։
Կանոնադրություն կամ կազմակերպական սկզբունքներ կարդալիս էլ միանգամից հասկանում ես, թե դրանք ձևակա՞ն են ու գրվել են սոսկ պետական գրանցում ստանալու համա՞ր և երբեք չեն կիրառվելու, թե՞ այդ կանոնադրությունը գրվել է հազարավոր մարդկանց համատեղ մտածողությունն ու գործունեությունը կազմակերպելու ու հատկապես ինչպես կազմակերպելու նպատակով, որ կուսակցականների համար դա գրպանի գրքույկ է լինելու, մարմինները իրենց անելիքը այդտեղից են իմանալու, ծագող վեճերը լուծվելու են դրա վրա հղում կատարելով։ Այդ կանոնադրությունից է պարզ դառնալու, թե որքանով է կառույցը ներքուստ ժողովրդավար ու ինքնաբավ, ու որքանո՞վ արդյունավետ կլինի որակյալ, մրցունակ քաղաքական թիմ ընտրելու հարցում։
Շաբաթ օրվա քննարկումից հետո շատերը ոգևորիչ արձագանքեցին, այդ հանդիպումը ընկալելով որպես համախմբման ինչ-որ նշան։ Սակայն ցավոք չեղան բովանդակային արձագանքներ առաջարկվող կառույցի բնույթի մասին։ Թեկուզ քննադատական արձագանքները ավելի օգտակար կլինեին ձևով և բովանդակությամբ նոր ուժի ծնունդի հարցում, քան սոսկ աջակցության կոչերը։
Մեկ անգամ էլ նայեք գաղափարական և կազմակերպական սկզբունքները և դարձեք դրանց քննարկման, հետևաբար նաև իրապես ազգային և հաղթական քաղաքական ուժի հիմնադրման մասնակիցը։