Արթուր Այվազյան կը զգուշացնէ "Փաշինյանիզմի և նախկինների համատեղ հաղթանակն անխուսափելի ճանապարհով է ընթանում բացի եթե"

Արթուր Այվազյան կը զգուշացնէ "Փաշինյանիզմի և նախկինների համատեղ հաղթանակն անխուսափելի ճանապարհով է ընթանում բացի եթե"
shadow
Բնական է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծ մասը հույս չկապելով և վստահություն չտածելով ընտրության մեջ նետվող ուժերի հանդեպ պարզապես չի մասնակցելու սպասվող ֆարսին, սակայն, միևնույն է, ընտրությունները համարվելու են կայացած, իսկ Ազգային Ժողովը լեգիտիմ եղանակով ընտրված

Arthur Aivazian

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Նախկին-ներկա. սև-սպիտակ ներքաղաքական տրագիկոմեդիան ոչ միայն չի ավարտվում այլև ընտրություններին ընդառաջ նոր թափ է հավաքում: Երկար ու ձիգ յոթ տարիներ նրանք անտաղանդ, միևնույն ժամանակ իրենց նպատակներին ծառայող բեմադրություններ ցուցադրեցին, որտեղ մի կողմում իբրև թե «հեղափոխականներն» էին, իսկ մյուսում պայքարող «հերոսները»: Այդ ամենի արդյունքում հասարակությունը վերջնականորեն մղվեց լուսանցք, որի շահերի համար իբրև թե պայքար էր ընթանում «հեղափոխականների» և «հերոսների» միջև:

Այսօր արդեն ակնհայտ է, որ դեպքերը զարգանալու են նույն տրամաբանությամբ, ինչ մինչ այժմ: Նախկիններն արդեն երկրորդ սերունդն են հրապարակ նետում, նախկինում իրենց ենթակա անձնանց են առաջ մղում որպես նոր ուժեր, ներկայացնելով նրանց որպես հերթական «փրկիչներ»: Բնականաբար խաղի մեջ են նաև մինչ այժմ մեզ հայտնի բոլոր նախորդ «փրկիչները», որոնք տարատեսակ կլոր սեղաններ են կազմակերպում և իբրև թե միավորվում են հանուն վեհ նպատակների, հրապարակ են մտնում նաև քաղաքական բոլոր հին դիակները:

Հետևանքն անչափ կանխատեսելի է` նախկին-ներկա, սև-սպիտակ քառակողմ (Լևոն-Ռոբերտ, Սերժ, Նիկոլ) ալյանսը պահպանելու է իր ազդեցությունն ամբողջ քաղաքական դաշտի վրա և բոլորովին էական չէ թե ինչ համամասնությամբ նրանց միջև կբաշխվեն տեղերը նոր ընտրվող Ազգային Ժողովում, քանզի պետական համակարգը և երկրի զարգացման տրամաբանությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու:

Բնական է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծ մասը հույս չկապելով և վստահություն չտածելով ընտրության մեջ նետվող ուժերի հանդեպ պարզապես չի մասնակցելու սպասվող ֆարսին, սակայն, միևնույն է, ընտրությունները համարվելու են կայացած, իսկ Ազգային Ժողովը լեգիտիմ եղանակով ընտրված:

Ի՞նչ է մնում անել այս իրավիճակում, սա հարց է որը պետք է պատասխան ստանա, այլապես հակազգային, հակապետական և ժանգոտած քառանկյուն քաղաքական համակարգը կշարունակի իր անփառունակ ընթացքը:

Նախ, պետք է փաստել, որ ամենամեծ, միևնույն ժամանակ ամենաանկազմակերպ հատվածը դա քառանկյունուց դուրս հայտնված ընտրողն է, որին համախմբելը թիվ մեկ առաջնահերթությունն է, բայց նաև ամենադժվարը և առաջին հայացքից գրեթե անիրականանալի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գալիք ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական միավոր ըստ էության քառանկյան մաս է կազմում և իր մասնակցությամբ ապահովելու է ժողովրդավարական ընտրությունների ծխածածկույթը, ապա անհրաժեշտություն է առաջանում ինչ որ կերպ խառնելու ծրագրվող սցենարը: Տվյալ պարագայում միակ գործող մեխանիզմը մնում է ընտրությունների բոյկոտը, սակայն այն ոչ թե պետք է լինի պասիվ այլ հակառակը` շատ ակտիվ:

Բոյկոտի քաղաքական գործընթացը կարելի է պատկերացնել հետևյալ կերպ`ստեղծվում է քաղաքական միավոր, միգուցե հենց «Ընտրությունների բոյկոտ» անվանումով, որին կարող են անդամագրվել տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող քաղաքացիները, քանի որ գլխավոր նպատակը սպասվող սցենարի տապալումն է լինելու: «Ընտրությունների բոյկոտ» պայմանական անվանումով քաղաքական միավորը գրանցվում է և հայտնում է ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, մասնակցում է քարոզարշավին, սակայն վերջին օրը դուրս է գալիս ընտրական գործընթացից և մեկնարկում է ակտիվ բոյկոտի երկրորդ փուլը նաև իր հրապարակային դրսևորումներով:

Միայն նման քաղաքական միավորը ընտրողի մոտ կարող է ընկալվել որպես անկախ և ինքնուրույն, որը դուրս է քառանկյան մաս կազմող և ընտրություններին նախապատրաստվող սուբյեկտներից:

Հենց այս մտքին հակված ակտիվ քաղաքացիները կարող են մեկտեղվել և կլոր սեղաններ կազմակերպելու միջոցով մշակել ողջ ռազմավարությունը:

Կրկնվենք` յուրաքանչյուր քաղաքական միավոր, որն իր մասնակցությունն է բերելու կանխորոշված ելքով ընտրություններին լուծելու է միմիայն քառանկյան սուբյեկտների վերարտադրման խնդիրը և լեգիտիմացնելու է նրանց համատեղ իշխանությունը, իսկ նպատակը լինելու է միմիայն անձնական դիվիդենտներ ձեռքբերելը, որոնք ունենալու են տարատեսակ դրսևորումներ, սկսած ֆինանսական շահույթի, վերջացրած որոշակի պաշտոններ զբաղեցնելու տարբերակներով: Բնական է, որ նրանց ճառերը բացի հիմարություններ արտաբերելուց տեղ-տեղ լինելու են նաև ականջ շոյող, շատ զգացմունքային և պոպուլիստական, սակայն խոսույթից զատ ռացիոնալություն չեն պարունակելու:

Անհրաժեշտ է հստակ ընկալել, որ չընտրողների բանակը շատ ավելի մեծ ռեսուրս ունի քան քառանկյան և նրանց ենթակա նշանակովի ընդդիմությունները միասին վերցրած, պարզապես համախմբման խնդիր ունեն, իսկ ակտիվ բոյկոտը կարող է կատալիզատորի դեր ունենալ:

Այն պարագայում երբ համախմբված ակտիվ բոյկոտը նաև ժամանակի սղության պատճառով չկարողանա խափանել ընտրությունների արդեն իսկ կանխորոշված ելքը, ապա միևնույն է այն հնարավորություն կստանա ընդլայնելու իր ազդեցությունն ընտրություններից հետո և դառնալ իրական այլընտրանք փտած այս համակարգին:

Հասարակությանը կոնսոլիդացնելու այլ տարբերակ պարզապես գոյություն չունի` քաղաքական ողջ դաշտը պատված է քառանկյան ենթակա ականներով, յուրաքանչյուրին ձայն տալը նշանակելու է ձայն տալ գործող համակարգին:

Ելնելով վերոգրյալից ու համոզված լինելով, որ առաջարկվող ճանապարհը լիովին իրագործելի է ակնկալում ենք շահագրգիռ անձանց արձագանքը:

Միասին մենք ուժ ենք:

Նախաձեռնող խումբ

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus