Գեվորգ Կարապետյան: "հոգևոր ինքնիշխանության բռնազավթում։ Հովհանավանքը դարձավ քաղաքական բեմ"
Հայ Առաքելական Եկեղեցին հոկտեմբերի 21-ին պաշտոնապես կարգալույծ հռչակեց Տեր Արամ քահանա Ասատրյանին, սակայն արդեն այսօր Հովհանավանքում նույն կարգալույծ եղած նախկին քահանան «պատարագ» մատուցեց՝ ոստիկանության և իշխանության բռնի հովանավորչությամբ։ Սա այլ կերպ, քան սրբապղծություն, չի կարելի անվանել։
Երբ եկեղեցին որոշում է, որ որևէ հոգևորական զրկված է եկեղեցուն ծառայելու իրավունքից, դա ներեկեղեցական կարգ է, սրբազան կանոն։ Իսկ երբ պետությունը, իր ուժայիններով, փաստացի չեղարկում է այդ որոշումը՝ կանգնելով կարգալույծի կողքին, դա նշանակում է հոգևոր ինքնիշխանության բռնազավթում։
Հովհանավանքը դարձավ քաղաքական բեմ՝ ոչ թե աղոթքի տուն։
Այնտեղ, որտեղ պետք է հնչեր աղոթք՝ հնչեց մարտահրավեր։
Այնտեղ, որտեղ պետք է կանգներ քահանա՝ կանգնեց իշխանությունը։
Սա վտանգավոր նախադեպ է։
Երբ պետական ուժերը սկսում են ուղղակիորեն միջամտել եկեղեցու ներքին կարգին, այնտեղ այլևս հավատք չէ՝ վարչական կամք է։ Եվ եթե այսօր իշխանությունը որոշում է՝ ով կարող է պատարագ անել, վաղը կարող է որոշել՝ ինչ հավատք պիտի ունենա ժողովուրդը։
Հայոց եկեղեցին դարերով դիմակայել է սուլթաններին, շահերին, կոմունիստներին։ Բայց երբ հոգևոր տարածքի սահմանը խախտվում է ներսից՝ սեփական իշխանության ձեռքով, դա դառնում է ազգի ինքնաոչնչացման ազդանշան։
Հովհանավանքի պատերը տեսել են պատերազմներ, բայց այսօր տեսան մի բան, որ ավելի վտանգավոր է՝ կեղծ պատարագ՝ իշխանության պաշտպանությամբ։
Եվ եթե հավատացյալ ժողովուրդը լուռ մնա այս սրբապղծության հանդեպ, վաղը կկորցնի իր վերջին սրբավայրը՝ սեփական հավատը և իրեն։