Ազգային Ժողովրդավարական Բևւեռը կուսակցություն չէ, այն վերկուսակցական կառույց է - Արթուր Այվազյան

Ազգային Ժողովրդավարական Բևւեռը կուսակցություն չէ, այն վերկուսակցական կառույց է - Արթուր Այվազյան
shadow
Ազգային Ժողովրդավարական Բևւեռն է օրեցօր աճող իր ժողովրդականությամբ։ Սա պատմական օրինաչափություն է, այլ կերպ չի կարող լինել, Հայաստանի Հանրապետությունը պետք է վերածնվի, ընդունի ի վերջո իրեն հասանելիք ժառանգությունը և դառնա Առաջին Հանրապետության իրավահաջորդը

Հարց

-Թվում է, թե հատկապես մայրաքաղաք Երևանում և մերձակա նահանգներում (ճիշտ տարբերակը մարզերում) տրամադրությունները փոխվում են, այն շատ չփոխվեց 2020 թվականին՝ չնայած Կրեմլի քաղաքականությանը 44-օրյա պատերզմում, բայց այժմ նկատելի է, որ հմայվածությունն ու ապավինելը Մոսկվային. որպես միակ պաշտպան և տեսնելով այն որպես անվտանգության բացառիկ մատակարար, նվազում է, ի՞նչ եք կարծում, ազգային շարժումն է (Բևեռ) այս գիտակցության հիմնական պատճառը։

Պատասխան

-Նախ արձանագրենք, որ 100 տարի, իրար հաջորդող սերունդներին ներկայացվել է կեղծ պատմություն, ինչի առանցքում դրվել է «ռուսը չլինի թուրքը մեզ կուտի» անհեթեթությունը։ Իրականում ռուսն ու թուրքը միասնաբար են գործել հայերի հանդեպ, միմյանց համաձայնությամբ են բաժանել և տիրել Հայաստանին։ Տասնամյակներ շարունակ քարոզվել է, որ ռուսը մշտապես վերջին պահին եկել է փրկության, այլապես հայությունն ի սպառ կարող էր և վերանալ։ Այս ամենն իհարկե անմիտ, անհավանական ու երեխայական է թվում, բայց, ցավոք, դա է իրականությունը, ինչի վրա դաստիարակվել են աշակերտներ, ուսանողներ, որոնց ուսանել են ուսուցիչներ և դասախոսներ։ Զարհուրելին այն է, որ հենց այսօր ուսումնական հաստատություններում նույն բանն է դասավանդվում։ Սա է ազգային աղետի սկզբնաղբյուրը, երբ ժողովուրդը չի տիրապետում իրական պատմությանը, չի ճանաչում իրեն, ապա և դառնում է կեղտոտ քարոզչության և տարատեսակ մանիպուլյացիաների զոհ, ինչի հետևանքով կորցնում է սեփական ուժերի նկատմամբ վստահությունը ու սկսում է ապավինել իրեն կեղեքող օտարին։

Մինչ 44-օրյա պատերազմը փրկիչ ռուսի կերպարը դեռևս մեծ մասայականություն էր վայելում հայության շրջանում, հասարակության մեծամասնությունը վստահ էր, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական հզոր դաշնակիցն է և յուրաքանչյուր պահի կգա օգնության։ Սանձազերծված պատերազմից անցել է գրեթե երկու տարի և նոր միայն հայ ժողովուրդն իր ամբողջության մեջ սկսում է ընկալել Ռուսաստանի կողմից գործած ստորությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ։ Կրեմլի ռեժիմն հերթական անգամ փորձ կատարեց խաղարկել դեռևս մեկ դար և նույնիսկ դրանից առաջ բազմիցս կիրառված մեթոդը՝ թուրքը հարձակվում է, ինքը գալիս է «փրկության»։ Արձանագրենք նաև, որ ռուս-թուրքական նմանատիպ համատեղ գործողությունների և «փրկչական» նոր արարը դարձել է հայերի բնակության արեալի բազմապատիկ անգամ փոքրացման պատճառ։

Այժմ, մարդիկ այս ամենն իրենց աչքերով են տեսնում և սկսում են վերաիմաստավորել ունեցած սխալ պատկերացումները, իսկ Բևեռը պարզապես օգնում է այդ հարցում, կարելի է ասել նաև լուսավորչությամբ է զբաղված որպեսզի ճշմարտություններ ու ելքեր փնտրողները արագ և ճիշտ կողմնորոշվեն։ Ըստ էության, տվյալ ժամանակահատվածում Բևեռի երևան գալը պատմական օբյեկտիվ օրինաչափություն է, քանի որ բոլորովին նոր ժամանակների համար անհրաժեշտ են ամբողջովին նոր ուժեր։    
   
 

Հարց

-Չնայած 32 տարվա անկախությանը, ոչ մի քաղաքական կուսակցություն համակրանք և աջակցություն չի գտել հայկական սփյուռքում, սակայն վերջին 3-4 տարիների ընթացքում և հատկապես 2021 թվականից հետո ազգային շարժումը կարծես թե համախոհներ է գտնում հայկական սփյուռքում, ինչպե՞ս եք բացատրում այս երույթը։

Պատասխան

-Որքան քաղաքանապես տկար և արատավոր է եղել հայաստանյան քաղաքական միտքն ու գործունեությունը վերջին 32 տարիների ընթացքում, նույնքան արատներով լի է եղել նաև հայության Սփյուռքի հատվածը։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից նեոգաղութացված Հայաստանը չի հոգացել նույնիսկ իր կարիքները, բնականաբար բարձիթողի վիճակում պետք է հայտնվեր նաև Հայաստանի կողմից լքված Սփյուռքը։ Իրար հաջորդած գաղութային ադմինիստրացիաները և նույն տրամաբանությամբ ստեղծված և գործունեություն ծավալող տարատեսակ ընդդիմությունները սպասարկում էին սոսկ Կրեմլի շահերը։ Այդիսկ պատճառով հայկական դրածո իշխանությունները Սփյուռքի մեր հայրենակիցներին մշտապես վանել են Հայաստանից, հայաստանյան գործերից, ավելին՝ որևէ օժանդակություն չեն ցուցաբերել գաղթոջախներին, չեն փորձել համախմբել, հայրենադարձությունը խրախուսելու փոխարեն անտանելի պայմաններ են ստեղծել արտագաղթի աճի համար։ Բացի այդ, ցավոք, Սփյուռքում գործող ավանդական կուսակցություններն այդպես էլ իրենց մեջ ուժ չգտան վերափոխվելու և նոր ու արդիական խնդիրներ իրենց առաջ դնել, շարունակեցին զբաղվել սոսկ Ցեղասպանության ճանաչման և ըստ էության Կրեմլի կողմից պարտադրված Արցախի ինքնորոշման կեղծ գաղափարի առաջմղմամբ։ Ու երբ ներկայացված այս ամբողջ գորշ իրականության մեջ ի հայտ է գալիս կազմակերպված մի ուժ, որն իր հետ քաղաքական ասպարեզ է բերում բոլորովին նոր գաղափարներ ու մտքեր, ապա բնական է, որ այն պետք է մարդկանց հոգիներում և սրտերում արձագանք ստանա, հույսեր արթնացնի և հակի իրեն։ Համոզված եմ, որ այդ տենդենցը միայն աճ է արձանագրելու։   

 

Հարց

-Ազգային շարժումը, որը դեռ երիտասարդ է, այսօր այնպիսի տպավորություն է թողնում, որ ամենաշատ ժողովրդականություն ձեռք բերող կուսակցությունն է, մինչդեռ մյուսները կարծես կորցնում են քաղաքական հողը, ինչպե՞ս եք դա գնահատում։

Պատասխան

-Նախ, շեշտեմ, որ Ազգային Ժողովրդավարական Բևւեռը որպես այդպիսին կուսակցություն չէ, այն վերկուսակցական կառույց է, նույնիսկ Խորհրդի անդամներից շատերն անկուսակցական են։ 2020թ մայիսի 15-ին հրապարակվեց Բևւեռի 5 կետանոց հռչակագիրը, որին ծանոթանալուց հետո ընթերցողին ակնհայտ կդառնա, որ դրա ստեղծողը չի կարող հետապնդել կուսակցական շահեր։ Հռչակագրի իրագործման պարագայում միայն հնարավոր կլինի Հայաստանում ունենալ իրապես գաղափարական քաղաքական կուսակցություններ, իսկ մինչ այդ շարունակելու է գործել գաղութարարի կողմից ներդրված և վերահսկվող հակապետական, հակազգային և կործանարար համակարգը։

Բոլորի համար ակնհայտ է, որ Աշխարհն ապրում է փոթորկալից ժամանակաշրջան, տեղի են ունենում տեկտոնիկ փոփոխություններ որոնց ուժգնուցը դեռ ավելանալու է։ Բնական է, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ ամենից, մենք արդեն իսկ ներգրավվել ենք հորձանուտում։ Սա նշանակում է, որ կոտրվում է անցյալի վրա կառուցված ներկան, հին ու սովորական դարձած կաղապարներով այլևս անհար է գործել, այդիսկ պատճառով գաղափարազուրկ, արհեստականորեն կազմավորված քաղաքական միավորները, որոնք գլխավորապես հիմնված են անձնական շահի վրա և սպասարկում են օտարի շահն այլևս դուրս են մնալու գործընթացներից։ Նրանց արդեն փոխարինելու են գալիս բոլորովին նոր աշխարհայացքով և արժեհամակարգով զինված քաղաքական ուժեր, որոնց առաջամարտիկը հենց Ազգային Ժողովրդավարական Բևւեռն է օրեցօր աճող իր ժողովրդականությամբ։ Սա պատմական օրինաչափություն է, այլ կերպ չի կարող լինել, Հայաստանի Հանրապետությունը պետք է վերածնվի, ընդունի ի վերջո իրեն հասանելիք ժառանգությունը և դառնա Առաջին Հանրապետության իրավահաջորդը։ Այս առումով բնականաբար անչափ կարևորում և գնահատում եմ Բևւեռի աջակիցների ավելացումը, քանի որ մեր շարքերի ստվարացումը կբերի մեզ մեր ազգային նպատակների իրագործմանը։    

 

Հարց

-Ինչպե՞ս կբացատրեք, որ Ազգային շարժումը այն քաղաքական շարժումն է, որն ամենաշատը գրավում է հայրենիք  վերադարձած հայերին, ինչպե՞ս եք դա գնահատում։

Պատասխան

-Ըստ էության, այս հարցը նախորդի շարունակությունն է։ Ես միայն իմ ուրախությունը կարող եմ հայտնել տվյալ փաստի առկայության արձանագրումով։ Հայությունը մեկ մարմին է ու ամենևին էական չէ թե մեզանից ո՞վ ու ի՞նչ աշխարհագրական տեղակայում ունի, բոլորիս իղձն ու նպատակը ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալն է, որն ունակ է լինելու լուծելու օրախնդիր դարձած բոլոր հարցերը, այդ թվում անվտանգային։ Իմ կողմից ավելացնեմ, որ դեպի Բևւեռ են գալիս  ոչ միայն հայրենադարձներն այլև հայաստանաբնակ մեր հայրենակիցները, այդ թվում արցախաբնակները։   

 

Հարց

-Ինչպիսի՞ն է Ազգային շարժման հարաբերությունը այլ շարժումների հետ, որոնք նույնպես արևմտամետ են պիտակվում։

Պատասխան

-Ես չէի ասի, որ մեզանում կան արևմտամետ շարժումներ, ամեն դեպքում ես դրանց հետ ծանոթ չեմ։ Կան իհարկե արևմտամետ քաղաքական խմբակներ և անհատներ, որոնց գործունեությունն անհնար է կոչել շարժում։ Այսօր շարժում տերմինի կիրառումը կարող ենք օգտագործել Բևւեռի վերաբերյալ, քանի որ իր գործունեությամբ, դրա հատկանիշներին համապատասխանում է միայն նա։ Այստեղ անհրաժեշտ եմ համարում նշել, որ Բևեռն առաջնորդվում է միմիայն պետական և ազգային շահով և եթե այսօր տեսնում է, որ այդ շահը համընկնում է Արևմուտքի, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ ուրեմն ձգտելու է դաշնակցել վերջիններիս հետ, ինչպիսի իրողությունը օգուտ է տալու կողմերին, իսկ եթե հաշվի ենք առնում, որ հայությունն իր Հայրենիքում կանգնած է արդեն գոյութենական խնդրի առաջ, ապա այդ հարցը կոնկրետ մեզ համար դառնում է լուծման համար առաջնահերթ։ Նախորդ պատասխաններից մեկում անդրադարձա Բևւեռի հռչակագրին, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական միավորների և անհատների հետ ովքեր կընդունեն դրա դրույթները։ Մենք համոզված ենք, որ հռչակագրի դրույթները պետք է կյանքի կոչվեն, առանց դրանց իրագործման նոր որակի պետություն ստեղծելն անհար է լինելու։ Այդուամենայնիվ նշեմ նաև, որ որոշակի խմբերի և անհատների հետ շփումներ և համագործակցության էլեմենտներ առկա են, սակայն դրանք կրում են դեռ հատվածական բնույթ։ Ինչ վերաբերում է հարցի մեջ տեղ գտած «պիտակավորել» բառին, ապա այո, մեզ հաճախ են արևմտամետ բառով փորձում պիտակավորել, իբրև թե բացասական տեսանկյունից ներկայացնելու համար։ Նշեցի արդեն մեր արևմտամետ լինելու շառժառիթները, սակայն անդրադառնանք նաև պիտակավորողներին, ովքե՞ր են նրանք, դրանք հինգերորդ շարասյունը ներկայացնող ուժերն են, որոնք արդեն 32 տարի գտնվում են պետության ղեկին, կցելով մեզ ռուսական ժանգոտած սայլին, իսկ որպեսզի խուսափեն պատասխանատվությունից ամեն ջանք գործադրում են մեր առջև արգելքներ դնելու համար։ Բոլոր այդ ուժերին հիասթափեցնեմ, մենք հաջողելու ենք, քանզի ճշմարտությունը մեր կողմն է, մենք ուժ ենք հավաքում, շուտով հզորանալու ենք և դառնանք անկասելի։     

 

Հարցազրույցը վարեց Պետրոս Մանուկյանը
Հայ ազգային շարժման համակիր       
 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus