Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ –ֆրանսիական դաշինքը Գարեգին Չուգասզյան

Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ –ֆրանսիական դաշինքը Գարեգին Չուգասզյան
shadow
Ի երախտագիտություն եւ ի համերաշխություն Ֆրանսիայի կառավարության կողմից Միսակ եւ Մելինե Մանուշյանների հիշատակի հավերժացման, այսօր մենք հավաքվել ենք Մանուշյանի անվան պուրակում, որը պուրակ է շնորհիվ քաղաքացիական նորագույն պայքարի։

Source: Jirayr Sefilian

Ի երախտագիտություն եւ ի համերաշխություն Ֆրանսիայի կառավարության կողմից Միսակ եւ Մելինե Մանուշյանների հիշատակի հավերժացման, այսօր մենք հավաքվել ենք Մանուշյանի անվան պուրակում, որը պուրակ է շնորհիվ քաղաքացիական նորագույն պայքարի։

Ֆրանսիական կառավարության կողմից նման անկրկնելի շքեղությամբ հայ հերոսների վերաթաղման արարողությունը իր մեջ խորքային խորհուրդներ է կրում, որոնք արտահայտվեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ոգեղեն ելույթում։

Սակայն այս խորհուրդները կարիք ունեն ինքնիշխան հայկական արձագանքի։

Մինչ բուն խորհուրդներին անցնելը կցանկանայինք նշել, որ այս արարողությունը սոսկ իրավիճակային գործողություն չէր կապված ֆրանս- հայկական ներկա բուռն հարաբերությունների հետ, այլ արտահայտում է ամբողջ ֆրանսիական ներկա ընտրնախավի գաղափարական եւ ռազմավարական դիքորոշումը ներկա լարված աշխարհակարգային եւ տարածաշրջանային փոփոխությունների հանդեպ։

Ի՞նչ է խորհրդանշում Մանուշյանների մուտքը Պանթեոն, ուր թաղված են նոր ժամանակների դարաշրջանի մարգարեներ համարվող համաշխարհային մեծությունները՝ Լուսավորության դարաշրջանը խորհրդանշող Վոլտերը, Ժան Ժակ Ռուսոն, ֆրանսիական ոգու եւ պետականության հսկաները՝ Հյուգոն, Դյուման, Զոլան, Լեոն Գամբետան, Ժան Ժորեսը եւ 61 այլ մեծություններ...

1․ Նախագահ Մակրոնի ելույթում բազմիցս նշվում էր եւրոպական ճակատագիր-երազանքը` որպես ազատության և եղբայրության, սոցիալական արդարության մտատիպար(իդեալ)։

Պր․ Մակրոնը չզլացավ նորից վերահաստատել Լուսավորության ֆրանսիական այդ իդեալը, որը ընկած է ֆրանսիական պետության հիմքում և արդարացրեց դրա հակապատկեր հանդիսացող բռնատիրության եւ նրա հետ գործակցող կոլաբորացիոնիստների դեմ զինված պայքարը եւ նրա մարտիկներին, որոնց խորհրդանիշ են հանդիսանում Միսակ եւ Մելինե Մանուշյանները եւ Մանուշյանի խումբը։

Այս գաղափարական երազանքի հիմքի վրա նշվեց հայերի եւ ֆրանսիացիների ընդհանուր համաեւրոպական ճակատագիրը՝ մարդկանց եւ ազգերի ազատության, եղբայրության, արդարության պահանջներով։

Ֆրանսիան ոչ միայն Մանուշյանին, այլեւ ժամանակակից ամբողջ մարդկությանը սնել է երազանքներ ձեւակերպելու բառերով, տվել իմաստներ, որոնց համար արժի ապրել եւ մեռնել։

«Մահ իմացեալ անմահություն է» իմաստությանը տեղյակ ազգը գիտակից լինելու սուր ծարավ է զգում ներկայումս։ Այդ առումով բնավ պատահական չէր, որ նախագահ Մակրոնը հիշեց, որ Ֆրանսիան ամեն ինչ կորցրած որբացած Մանուշյանի համար հանդիսացավ հավատը նորից վերագտնելու եւ ֆիզիկապես ոտքի կանգնելու հենարան երկիր, որի ազատության համար Մանուշյանը վարձահատույց եղավ իր կյանքով։

2. Խոսվեց համայնավարության` որպես ֆրանսիական հեղափոխության զավակներից մեկի մասին։

Նոր սերնդի համար արժե հիշել, որ եվրոպական համայնավարության եւ բոլշեվիկյան, խորհրդային կոմունիզմի միջեւ էական տարբերություն կա։

Հատկանշական է, որ Խորհրդային Հայաստանում այդպես էլ գործածության մեջ չմտավ «համայնավություն» բառը։ Արժե հիշել, որ Մելինե Մանուշյանը Երեւան հայրենադարձվելուց հետո ստիպված էր հայրենիքի ընկալման գաղափարական տարբերությունների պատճառով անցյալ դարի վաթսունականներին լքել այն եւ վերադառնալ Ֆրանսիա։

Նույն պատճառներով հատկանշական է կինոբեմադրիչ Լաերտ Վաղարշյանի՝ Միսակ Մանուշյանին նվիրված 1951թ․ գեղարվեստական, ապա եւ 1960-70 ականներին՝ վավերագրական ֆիլմերի ոդիսականները։

Առաջինը արգելվեց նկարահանել, իսկ երկրորդը նկարահանվելուց կարճ ժամանակ անց արգելվեց ցուցադրել Հայաստանում։ Մանուշյանին նվիրված հայտնի երգի հեղինակ, Գոնկուրյան ակադեմիայի անդամ, հայտնի համայնավար Լուի Արագոնը բազմիցս իր բողոքի ձայնն է բարձրացրել ԽՍՀՄ-ում տիրապետող կոմունիտական ավտորիտար ռեժիմի դեմ, դատապարտել խորհրդային այլախոհ գրողների նկատմամբ սանձազերծված հալածանքները, դատական շինծու վարույթները։

Նրա միջամտությամբ է Սերգեյ Փարաջանովը բանտից ազատ արձակվել։

3. Հաջորդ հարցը, որի մասին խոսեց Նախագահ Մակրոնը դա դիմադրության շարժման` որպես ոգեղեն կենդանի ժառանգության արժեվորումն էր։

Հիշենք, որ զորավար Շարլ Դը Գոլը 1940 թ. հունիսի 18-ին իր հայտնի կոչը արեց` դեմ արտահայտվելով Ֆրանսիայի անձնատվությանը(կապիտուլացիային), եւ ընդգծեց, որ Ֆրասիայի կորցրածը ճակատամարտ էր, եւ ոչ պատերազմը։ Լոնդոնում կազմվեց «Ազատ Ֆրանսիա», հետագայում «Մարտնչող Ֆրանսիա» մարմինը։ Շուրջ երեք տարի տեւեց մինչ Վիշիի կոլաբորացիոն կառավարության եւ նացիսների դեմ 1943թ․ մայիսին կազմվեց Դիմադրության ազգային խորհուրդը՝դիմադրության միասնական ճակատը։ Այն իր մեջ ներառեց տարբեր քաղաքական-գաղափարական հոսանքներ՝ հավատացյալների եւ աթեիսների, համայնավարների, սոցիալիստների եւ քրիստոնեա-դեմոկրատների, զինվորականների եւ հոգեւորականների, արվեստի եւ գիտության ներկայացուցիչների։ Նույն ընթացքը տեղի ունեցավ եւ ֆրանսահայության մեջ՝ ներառելով թե՛ ֆրանսահայ համայնավարների եւ հնչակյանների եւ թե՛ դաշնակցականանների եւ ռամկավարների։

Ըստ էության Պանթեոնի վերջին արարողությունը ուրացման, կապիտուլացիայի, կոլաբորացիոնիստական գործակցության, բռնության դեմ ամեն տեսակ ըմբոստության եւ զինված պայքարի փառաբանում էր։

Նախագահ Մակրոնի խոսքերով ասած «Մարդ, որ ծնված էր սիրելու համար, ստիպված էր սպանել»։

4. Կարեւոր ենք համարում նշել Ֆրանսիայի նախագահի քննադատական բարձրությունը, երբ նա նշեց Մանուշյանի` Ֆրանսիայի հանդեպ սերը, չնայած մերժումներին եւ դավաճանություններին։

5. Վերջապես կարեւոր է նկատել, որ նախագահ Մակրոնը հայոց ցեղասպանությունը գնահատեց, որպես ֆաշիզմի նախերգանք, եւ ուրեմն, մինչեւ օրս դատավարության սպասող հանցագործություն։ Հատկանշական է, որ Էմանուել Մակրոնի ելույթում մի քանի անգամ հնչած «ցեղասպանություն» բառը այդպես էլ չթարգմանվեց հայերեն։ Եւ առհասարակ, կարող ենք վստահ ասել, որ արարողության թարգմանությունը եւ պետական անպատրաստ, որ ինքնիշխան արձագանքը այդպես էլ թույլ չտվեցին հայ հանդիսատեսին հասկանալ այդ արարողության բուն իմաստը։

Միսակ եւ Մելինե Մանուշյանների սխրանքը խիզախ հայորդիների Ֆրանսիայի համար նվիրաբերում չէր սոսկ։

Նրանց ամբողջ գործունեությունը ժամանակների մեջ գցված հայ-ֆրանսիական հոգեւոր-մշակութային եւ զինական համագործակցության մի անտես ոգեղեն կամուրջ է, որն իր այդքան անհրաժեշտ պտուղներն է տալիս այսօր, երբ ստեղծվում է հայ-ֆրանսիական նոր հոգեւոր-մշակութային եւ ռազմա-քաղաքական դաշինք։

Այսպիսով, Մանուշյանների մուտքը Պանթեոն խորհրդանշում է Հայաստանի վերադարձը դեպի եւրոպական քաղաքակրթություն։

Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ –ֆրանսիական դաշինքը

Գարեգին Չուգասզյան

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus