Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
shadow
Հայաստանի ջրային անվտանգությունը չի կարող զոհաբերվել Ամուլսարի ոսկուն
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը՝ այն գնահատելով որպես Հայաստանի բնապահպանական, տնտեսական և ազգային անվտանգության համար ծանր հետևանքներով հղի որոշում

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ջրային անվտանգությունը չի կարող զոհաբերվել Ամուլսարի ոսկուն

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը՝ այն գնահատելով որպես Հայաստանի բնապահպանական, տնտեսական և ազգային անվտանգության համար ծանր հետևանքներով հղի որոշում։

Հոկտեմբերի 10-ին կազմակերպված հանդիսավոր բացումը չի վերացնում տարիներ շարունակ բարձրաձայնված մտահոգությունները և չի կարող փոխարինել ծրագրի անվտանգության համոզիչ, անկախ ու հրապարակային հիմնավորմանը։

Մեր գլխավոր մտահոգությունը ջուրն է՝ Երկրի վրա կյանքի գոյության համար ամենակարևոր և անփոխարինելի պաշարը։ Մաքուր քաղցրահամ ջրի աղբյուրները սահմանափակ են, իսկ դրանց աղտոտման հետևանքները կարող են լինել երկարատև և գործնականում անվերականգնելի։ Ոսկին վաճառվում ու սպառվում է, մինչդեռ ջրի կորուստը վտանգում է ժողովրդի առողջությունը, պարենային ապահովությունը և սերունդների ապագան։

Ամուլսարի դիրքը Արփայի ու Որոտանի ջրային համակարգերի և ռազմավարական ջրամբարների հարևանությամբ պահանջում է առանձնահատուկ զգուշություն։ Քեչուտի ջրամբարի՝ Սևանի հետ կապը հնարավոր աղտոտման հարցը դարձնում է համապետական նշանակության խնդիր։ Այստեղ հնարավոր վնասը չի սահմանափակվում հանքի տարածքով կամ մեկ համայնքով. վտանգի տակ կարող են հայտնվել խմելու և ոռոգման ջրերը, գյուղատնտեսությունը և Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարները։

Կենսամիջավայրերի խաթարումը սպառնում է կենսաբազմազանությանը։ Ջերմուկի առողջարանային համբավին հասցված վնասը կարող է անդրադառնալ զբոսաշրջության, առողջարանների, հանքային ջրի արտադրության և դրանցով ապրող ընտանիքների եկամուտների վրա։ Բնապահպանական ռիսկերը նաև գյուղատնտեսական հողերի, արոտավայրերի և տեղական արտադրության ապագայի հարց են։

ԱԺԲ խորհուրդը խիստ չափազանցված է համարում ծրագրի եկամտային նշանակության՝ հանրությանը ներկայացվող պատկերը։ Արտահանման արժեքը, ընկերության հասույթը և Հայաստանի ստացած զուտ օգուտը տարբեր մեծություններ են։ Ծրագրի հանրային շահավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է եկամուտներից հանել նաև հնարավոր կորուստները՝ զբոսաշրջության և գյուղատնտեսության վնասները, առողջապահական ծախսերը, ջրերի մաքրման, տարածքի վերականգնման և հանքի փակվելուց հետո երկարատև վերահսկողության արժեքը։ Առանց այս ամբողջական հաշվարկի՝ «տնտեսական մեծ օգուտի» մասին խոսքը միակողմանի քարոզչություն է։

Անհանգստացնող է նաև հանրային ֆինանսների վտանգումը։ Ծրագրի ֆինանսավորման համար տրամադրված՝ մինչև 150 միլիոն դոլարի պետական երաշխիքը նշանակում է, որ պարտավորությունների չկատարման դեպքում ֆինանսական բեռը կարող է փոխանցվել պետությանը։

ԱԺԲ խորհուրդը գտնում է, որ օր առաջ պետք է դադարեցվի Ամուլսարի աղետալի հանքի շահագործումը, իսկ երկրի ազգային շահերը զոհաբերող այս իշխանությունը պետք է անհապաղ հեռացվի։

Հայաստանի Հանրապետության զարգացումը պետք է հիմնվի ժողովրդի առողջության, ջրային անվտանգության և երկարաժամկետ տնտեսական կարողությունների պահպանման վրա։ Ժամանակավոր հարկային մուտքերը չեն կարող արդարացնել անփոխարինելի բնական պաշարների վտանգումը։

Հայաստանի ջուրը հանրային հարստություն է և ազգային անվտանգության հիմք։

Այն վտանգելու իրավունք չունի որևէ իշխանություն։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

15 հոկտեմբերի 2026 թ.

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus