Արա Պապյան - Տարածքի տիտղոսի և պատգամավորի անպատասխանատու հայտարարության մասին
Տարածքի տիտղոսի և պատգամավորի անպատասխանատու հայտարարության մասին
ԱԺ-ում հանդես եկած ՔՊ-ական պատգամավորին՝ կարծես ազգանունը Եղոյան էր, ասեք, որ ժամանակակից միջազգային իրավակարգի կարևորագույն հիմքերը ձևավորվել են 1648 թ. Վեսթֆալյան հաշտությունից և առավելապես՝ 1814–1815 թթ. Վիեննայի կոնգրեսից հետո։
Արա Պապյան
Տարածքի տիտղոսի և պատգամավորի անպատասխանատու հայտարարության մասին
ԱԺ-ում հանդես եկած ՔՊ-ական պատգամավորին՝ կարծես ազգանունը Եղոյան էր, ասեք, որ ժամանակակից միջազգային իրավակարգի կարևորագույն հիմքերը ձևավորվել են 1648 թ. Վեսթֆալյան հաշտությունից և առավելապես՝ 1814–1815 թթ. Վիեննայի կոնգրեսից հետո։
Հետևաբար, միջազգային իրավունքում տարածքային պահանջը չի կարող հիմնվել միայն պատմական որևէ ժամանակաշրջանի կամ հին տիրապետության վրա։ Որևէ տարածքի նկատմամբ իրավական տիտղոսը պարզելու համար ելակետային նշանակություն ունի դրա կարգավիճակը սահմանող վերջին վավեր և իրավաչափ միջազգային գործիքը՝ պայմանագիրը, իրավարար կամ դատական վճիռը կամ իրավասու միջազգային մարմնի որոշումը։ Փաստացի տիրապետումը, բռնազավթումը կամ ուժի կիրառմամբ կատարված սահմանափոխությունն ինքնին օրինական տիտղոս չեն ստեղծում։ Իսկ ավելի ուշ թվագրված փաստաթուղթը չի կարող վերացնել նախկինում օրինականորեն ձևավորված տիտղոսը, եթե այն կնքվել է ոչ իրավասու կողմերի կողմից, հարկադրանքի ներքո կամ միջազգային իրավունքի հիմնարար խախտումներով։
Օրինակ, Վանը և Արցախը հայկական իրավունքի դաշտում են ոչ միայն այն պատճառով, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում գտնվել են հայկական պետությունների կազմում։ Դրանց վերաբերյալ գոյություն ունեն քսաներորդ դարի միջազգային իրավական և դիվանագիտական կոնկրետ գործիքներ։
Վանի դեպքում հիմնարար միջազգային իրավական գործիքը 1920 թ. նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է։ Դրան նախորդել էր 1920 թ. ապրիլի 26-ին Սան Ռեմոյի խորհրդաժողովում Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի ընդունած որոշումը։ Գերագույն խորհուրդը դիմեց ԱՄՆ կառավարությանը՝ առաջարկելով ստանձնել Հայաստանի մանդատը, իսկ նախագահ Վիլսոնին՝ անկախ մանդատի հարցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանից, հրավիրեց հանդես գալ որպես իրավարար և որոշել Հայաստանի ու Թուրքիայի սահմանը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում։ Վիլսոնին իրավասություն էր վերապահվում նաև սահմանելու Հայաստանի՝ դեպի ծով ելքի և նոր սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման պայմանները։ Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի՝ 1920 թ. ապրիլի 26-ի դիմումը
Հայաստանի մանդատը և սահմանային իրավարարությունը երկու առանձին իրավական հարցեր էին։ Մանդատը պետք է ստանձներ ԱՄՆ-ը՝ Կոնգրեսի համաձայնությամբ։ Վիլսոնը 1920 թ. մայիսի 24-ին պաշտոնապես դիմեց Կոնգրեսին, սակայն Սենատը հունիսի 1-ին մերժեց մանդատն ընդունելու առաջարկը։ Մինչդեռ սահմանը որոշելու իրավարարական առաքելությունը վերապահված էր անձամբ ԱՄՆ նախագահին և, համաձայն ապրիլի 26-ի որոշման, կախված չէր մանդատի ընդունումից։ Վիլսոնը դեռևս 1920 թ. մայիսի 17-ին ընդունել էր Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի իրավարարական հրավերը։
Հետագայում նույն իրավարարական հանձնարարությունը պայմանագրային ձևակերպում ստացավ 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածում։ Հայաստանը, Թուրքիան և մյուս Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին հայ-թուրքական սահմանը հանձնել ԱՄՆ նախագահի իրավարարությանը և նախապես պարտավորվեցին ընդունել նրա որոշումը։ Հետևաբար Վիլսոնի իրավարարական իրավասությունը չէր հիմնվում միայն Սևրի պայմանագրի վրա․ հրավերը ներկայացվել և ընդունվել էր դեռևս պայմանագրի ստորագրումից առաջ՝ համապատասխանաբար 1920 թ. ապրիլի 26-ին և մայիսի 17-ին։
Տես համապատասխան փաստաթղթերը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական կայքում.
https://history.state.gov/historicaldocuments/frus1920v03/d949
1920 թ. նոյեմբերի 22-ին Վիլսոնն արձակեց իր վերջնական և անբողոքարկելի իրավարար վճիռը։ Դրանով Վանի վիլայեթի զգալի մասը, ինչպես նաև Էրզրումի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթների որոշ տարածքներ ներառվեցին Հայաստանի Հանրապետության կազմում՝ Հայաստանին ապահովելով նաև ելք դեպի Սև ծով։ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայաստանի մանդատի մերժումը չէր վերացնում առանձին իրավական հիմքով իրականացված սահմանային իրավարարությունը։
Տես Վիլսոնի իրավարար վճռի որոշող հատվածի ամբողջական տեքստն ու քարտեզը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում․
Decision of President Wilson respecting the Frontier between Turkey and Armenia, Access for Armenia to the Sea, and the Demilitarization of Turkish Territory adjacent to the Armenian Frontier
https://history.state.gov/historicaldocuments/frus1920v03/d940
Քեմալական ռազմական ներխուժումը, տարածքի հետագա փաստացի զավթումը կամ բոլշևիկների հետ կնքված գործարքները չէին կարող ինքնաբերաբար չեղարկել միջազգային իրավարար վճիռը և նոր օրինական տիտղոս ստեղծել։ Եթե որևէ մեկը պնդում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը կորցրել է իր իրավական ուժը, պարտավոր է մատնանշել այնպիսի վավեր միջազգային իրավական ակտ, որով իրավաչափորեն վերացվել կամ փոխարինվել է այդ վերջնական վճիռը։
Արցախի դեպքում ևս կեղծ է Ադրբեջանի և Ձեր ու Ձեր նմանների այն պատկերացումը, թե միջազգային կարգավորման ընթացքում այն անվերապահորեն ճանաչված էր որպես Ադրբեջանի տարածք։ Ճիշտ հակառակը։ 1920 թ. փետրվարի 24-ին Փարիզի խաղաղության վեհաժողովին կից՝ Հայաստանի սահմանները քննող հատուկ հանձնաժողովի պատրաստած «Զեկույց և առաջարկներ Հայաստանի սահմանների վերաբերյալ» փաստաթղթին կցված քարտեզում Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Դաշտային Ղարաբաղի զգալի մասը, նախատեսվում էին Հայաստանի Հանրապետության կազմում։
Հանձնաժողովն առաջարկում էր, որ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը նախ փորձեն համաձայնեցնել իրենց սահմանները։ Համաձայնության անհնարինության դեպքում հարցը պետք է փոխանցվեր Ազգերի լիգայի իրավարարությանը, իսկ տեղում սահմանազատումն իրականացներ միջդաշնակցային հանձնաժողովը՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ։ Այս մոտեցումն արտացոլվեց նաև Սևրի պայմանագրի 92-րդ հոդվածում, որի համաձայն՝ երեք հանրապետությունների միջև համաձայնության բացակայության դեպքում սահմանը պետք է որոշեին Դաշնակից գլխավոր տերությունները՝ անհրաժեշտության դեպքում այն տեղում սահմանագծելու իրավասությամբ։
Հետևաբար Արցախը պարզապես «պատմական հայկական տարածք» չէ։ Այն միջազգային խաղաղության վեհաժողովի իրավասու հանձնաժողովի պաշտոնական առաջարկով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության կազմում։ Սահմանազատման նախատեսված միջազգային գործընթացը չավարտվեց ոչ թե այն պատճառով, որ ճանաչվեց Ադրբեջանի անվիճելի իրավական տիտղոսը, այլ Հայաստանի և Ադրբեջանի բռնի խորհրդայնացման պատճառով։ Հետագա բոլշևիկյան կուսակցական որոշումները չէին կարող փոխարինել նախատեսված միջազգային սահմանազատմանը կամ ինքնին ստեղծել Ադրբեջանի անվիճելի միջազգային իրավական տիտղոսը։
Եթե Հայաստանի գործող իշխանությունը ռազմական պարտության, ուժերի աննպաստ հարաբերակցության կամ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով պատրաստ է քաղաքական և տարածքային զիջումների, թող ազնվորեն այդպես էլ հայտարարի։ Սակայն քաղաքական պարտությունը կամ ներկայիս փաստացի վերահսկողությունը մի՛ ներկայացրեք որպես պատմական և միջազգային իրավական անվիճելի ճշմարտություն։
Մի՛ հայտարարեք, թե Վանն ու Արցախը Թուրքիային և Ադրբեջանին «օրինապես պատկանող» տարածքներ են՝ առանց դրանց վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային իրավական գործիքները քննության առնելու։ Փաստացի տիրապետումը և օրինական տարածքային տիտղոսը նույնը չեն։