Վարչական բողոք
Վարչական բողոք
https://sebastatsieducommunity.wordpress.com/2026/10/26/վարչական-բողոք/
Հոկտեմբերի 26-ին ուղարկվել է կրթահամալիրի պաշտոնական էլ. փոստից (ծածկագիր՝ YN67-AE27-32A2-FCFD), գրանցվել է Երևանի քաղաքապետարանում, Դ-117149-26 գրանցման համարով։
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՐՈՆ Տ. ԱՎԻՆՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Ավինյան
Երևանի թիվ 95 մանկապարտեզի բակի բարեկարգման ծրագրով կառուցապատման նախագծի վերանայման և շտկումների վերաբերյալ Կրթահամալիրի՝ 06.10.2026 թ. թիվ 26-10-283 գրությամբ ներկայացված առաջարկին պատասխան չենք ստացել։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանի կողմից 22.10.2026թ. տրամադրվել է թիվ 16/144286-26 գրությունը՝ ի պատասխան կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի տնօրեն Նաիրա Նիկողոսյանի կողմից մուտքագրված Դ-108644-26 գրության. պատճենները կցվում են սույն դիմումին։
Պատասխանում նշվում է, որ թիվ 95 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներն ընթանում են հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան, և որ մանկապարտեզի տարածքը պետք է սահմանազատվի՝ հաշվի առնելով տարածքում կասկածելի առարկաների վերաբերյալ ծնողների հայտնած՝ անվտանգության ապահովմանն առնչվող մտահոգությունները։
Միաժամանակ պատասխանում ներկայացված են «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տեղեկատվությանը վերաբերող տեղեկություններ Երևանի թիվ 93 մանկապարտեզի վերակառուցման, սեյսմիկ վերազինման և էներգաարդյունավետության բարելավման ծրագրի իրականացման ընթացքի մասին։
Երևանի թիվ 93 մանկապարտեզի վերաբերյալ տեղեկությունների՝ մեր կողմից բարձրացված հարցերին ունեցած առնչության վերաբերյալ պատասխան գրությունը բավարար պարզաբանումներ չի պարունակում, ինչպես նաև չի անդրադառնում վիճելի արահետի պահպանման, հողամասերի սահմանների ճշտության և նախագծով նախատեսված սահմանազատման հետևանքների վերաբերյալ ներկայացված առաջարկներին։
Այս առումով հարկ ենք համարում կրկին նշել, որ մեր մոտեցումը բխում է երեխայի լավագույն շահերի առաջնահերթության, երեխայի կարծիքը հարգելու և անվտանգ զարգացման միջավայր ապահովելու՝ «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակով մինչև 2030 թվականը սահմանված թիրախներից, որոնց իրականացման ընթացքը քննարկվում է COP 17-ում։
Մտահոգիչ է այն, որ Կրթական պարտեզից քաղաքապետարան դիմած քաղաքացիներն այս օրերին ևս ստանում են քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանի՝ նույնաբովանդակ և որևէ հարցի պատասխան չտվող գրություններ։ Մասնավորապես, այդ պատասխաններում անդրադարձ չկա ո՛չ Կրթական պարտեզից բարձրացվող ահազանգերին, ո՛չ շահառուների առաջարկներին, որոնք ամփոփ ներկայացրել ենք նաև թիվ 26-10-283 գրությամբ։
Քաղաքապետարանի պատասխանում անորոշ և վիճելի են Երևանի թիվ 95 մանկապարտեզի «տարածքում հայտնաբերված կասկածելի առարկաների վերաբերյալ» և «մանկապարտեզի տարածքը պետք է սահմանազատվի» պնդումները։ Պատասխանում չեն ներկայացվել այն փաստական տվյալները, որոնց հիման վրա գնահատվել է անվտանգության համար առկա ռիսկերը, չեն նշվել կասկածելի առարկաների հայտնաբերման դեպքերի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, ինչպես նաև չեն պարզաբանվել այդ ռիսկերը կանխելու կամ նվազեցնելու նպատակով հենց նախագծով նախատեսված սահմանազատման եղանակն ընտրելու պատճառները։
Հայտնի է, որ վտանգավոր առարկաներ սովորաբար հայտնաբերվում են հատկապես ցանկապատերի և հենապատերի տակ։ Ուստի պարզ չէ, թե ի՞նչ մասնագիտական, իրավական և փաստական հիմնավորում ունի տարածքի սահմանազատումը հենց ցանկապատով, եթե ռիսկերը պայմանավորված են հենց նման կառույցների առկայությամբ։ Պարզ չէ նաև, թե անվտանգության գնահատման ինչ տվյալների հիման վրա է առաջադրվել այդպիսի սահմանազատման անհրաժեշտությունը, և ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել կամ նախատեսվում իրականացնել նշված ռիսկերը գնահատելու և կանխելու համար։
Ծնողների մտահոգությունները, անկասկած, ենթակա են պատշաճ ուշադրության, և երեխաների անվտանգության ապահովումը պետք է լինի առաջնահերթ։ Հենց այդ համատեքստում անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին ընդհանուր պնդումը պետք է դիտարկվեր որպես դրա հիմքում ընկած փաստական հանգամանքները պարզելու, ընտրված միջոցի անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը գնահատելու և այլ հնարավոր լուծումները դիտարկելու հիմք։ Հակառակ մոտեցման դեպքում կասկածի տակ է դրվում նախատեսված սահմանազատման արդյունավետությունը՝ անվտանգության իրական ռիսկերը կանխելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ չեն կարող անտեսվել թ. 95 մանկապարտեզին հարակից ուսումնական հաստատությունների՝ քոլեջ-պարտեզի և Արևելյան դպրոց-պարտեզի երեխաների անվտանգության հարցերը, որ բարձրացրել են ծնողները, աշխատողները, թաղամասի բնակիչները Ձեզ ուղղված նամակներում։
Հատուկ նշում ենք, որ մենք, մեր սաների ծնողները թ. 95 մանկապարտեզի սաների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը չեն վիճարկում։ Խոսքը սահմանազատում կոչվածն այլ եղանակով՝ բազմամյա թփերի, ծառերի, կանաչով ցանկապատերի կամ այլ համապատասխան միջոցների կիրառմամբ իրականացնելու մասին է։
Բացի դրանից, առանձին քննարկման առարկա է, թե որտեղ պետք է անցնի սահմանազատման գիծը, և ինչպես պետք է սահմանազատում իրականացվի, եթե դեռևս ճշտված չեն հողամասերի սահմանները, և արդյոք շինարարության թույլտվության հիմքում դրված նախագծով նախատեսված լուծումների իրականացումը կհանգեցնի՞ հարակից տարածքների փաստացի օգտագործման և տասնամյակներ շարունակ գործող հետիոտնային կապի սահմանափակմանը։
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ քաղաքապետարանի պատասխանում նշվում է, թե նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքները գործող քաղաքաշինական և անվտանգության նորմերի համաձայն պարտադիր ենթակա են ցանկապատման՝ սաների անվտանգությունն ու ապահովությունն երաշխավորելու համար։ Սակայն չի նշվում այն իրավական ակտի կոնկրետ դրույթը, որով սահմանված է նման պարտադիր պահանջը, և որը կիրառելի է թիվ 95 մանկապարտեզի նկատմամբ։
Բացի այդ, նույնիսկ նման իրավական պահանջի առկայության դեպքում անհրաժեշտ է պարզաբանել՝ արդյո՞ք այն ենթադրում է հենց վիճելի արահետի երկայնքով պարիսպ կամ ճաղավանդակներ տեղադրելու պարտադիր անհրաժեշտություն, թե՞ թույլ է տալիս անվտանգության պահանջներին համապատասխանող այլընտրանքային լուծումների կիրառում։
Միաժամանակ, նույնիսկ եթե կիրառելի քաղաքաշինական կամ անվտանգության նորմերով նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքի ցանկապատման պարտադիր պահանջ, դրա առկայությունն ինքնին չի լուծում մանկապարտեզին հատկացված հողամասի սահմանների ճշտության, հարակից հողամասերի սահմանների հնարավոր համընկնման և ընդհանուր օգտագործման օբյեկտ հանդիսացող արահետի իրավական կարգավիճակի հարցերը։ Հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե ինչ սահմաններով է հատկացվել մանկապարտեզի հողամասը, արդյոք հաստատված նախագծում նախատեսված սահմանազատումը համապատասխանո՞ւմ է այդ սահմաններին, և արդյո՞ք դրա արդյունքում կառուցապատման կամ ցանկապատման ենթակա տարածքում ներառվել է նաև այլ նպատակով հատկացված կամ փաստացի ընդհանուր օգտագործման գործառույթ իրականացնող տարածք։
Անհրաժեշտ ենք համարում Ձեր ուշադրությունը հրավիրել նաև մանկապարտեզին հատկացված հողամասի սահմանների և շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծով նախատեսված սահմանազատման հետևանքով առաջացող հետևյալ խնդիրներին։
Մասնավորապես, մանկապարտեզին հատկացված հողամասի սահմանների նիշերի հնարավոր անհամապատասխանության հետևանքով կրթահամալիրի համապատասխան մասնաճյուղին հատկացված հողամասի մի հատվածը կարող է փաստացի ներառված լինել մանկապարտեզի կողմից օգտագործվող և ներկայումս հաստատված նախագծի շրջանակներում կառուցապատվող տարածքում։ Նշված հանգամանքը պահանջում է ճշտել հողամասերի սահմանների և դրանց հատկացման հիմքում դրված հատակագծերի համապատասխանությունը՝ հաշվի առնելով նաև տարածքի փաստացի օգտագործման ձևավորված կարգը։
Շինարարության թույլտվության հիմքում դրված նախագծով նախատեսվել է մանկապարտեզին հատկացված հողամասի սահմանազատում ճաղավանդակներով կամ պարիսպով, ինչի արդյունքում, ըստ էության, փակվելու է ինչպես կրթահամալիրի ուսումնական հաստատություններին՝ Քոլեջ-պարտեզին (հասցեն՝ Անդրանիկի 92/1), Արևելյան դպրոց-պարտեզին (հասցեն՝ Ա. Բաբաջանյանի 47/1) հատկացված հողամասերը միմյանց կապող, այնպես էլ կրթահամալիրի և մանկապարտեզի ծառայություններից օգտվող բնակիչների ու այլ քաղաքացիների կողմից տասնամյակներ շարունակ ընդհանուր օգտագործվող արահետը։ Հատկանշական է, որ փակվող արահետն այդ տարածքում փաստացի միակ ճանապարհն է, որն ապահովում է մանկասայլակներով և սահմանափակ շարժունակությամբ անձանց տեղաշարժի հնարավորությունը։
Հավելենք, որ 2026–2027 ուսումնական տարում կրթահամալիրի ուսումնական հաստատություններում, թիվ 181 դպրոցում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) 200-ից ավելի երեխա։
Բացի այդ, նշված տարածքը, թեև բարեկարգվել է կրթահամալիրի ուժերով ու միջոցներով, այդուհանդերձ, մի քանի տասնամյակ օգտագործվել է նաև որպես ներթաղային ընդհանուր օգտագործման արահետ։ Հետևաբար, արահետի անխոչընդոտ օգտագործման պահպանումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այլև թաղամասի տարեց բնակիչների, մանկասայլակներով տեղաշարժվող քաղաքացիների և արահետից օգտվող այլ անձանց ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու տեսանկյունից։
Այս պայմաններում գտնում ենք, որ 2016 թվականին այն ընդհանուր օգտագործվող հողամասից առանձնացնելիս և մանկապարտեզին հատկացնելիս պատշաճ կերպով հաշվի չեն առնվել արահետի փաստացի օգտագործումը, դրա հանրային նշանակությունը և կրթահամալիրի ուսումնական հաստատություններին հատկացված հողամասերի միջև կապն ապահովելու գործառույթը։
Հետևաբար, անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն հողամասի սահմանների ճշտության հարցը, այլև դրա առանձնացման և հատկացման հիմքում դրված հատակագծային լուծումների համապատասխանությունը տարածքի փաստացի օգտագործմանը, կիրառելի հողային օրենսդրության և այլ իրավանորմերի պահանջներին։ Մեր գնահատմամբ՝ նշված հանգամանքները հաշվի չառնելը հանգեցրել է այնպիսի նախագծային լուծման, որով կառուցապատման ենթակա տարածքի կազմում ներառվել է նաև արահետը՝ վտանգելով դրա հետագա անխոչընդոտ օգտագործումը։
Այս կապակցությամբ գտնում ենք, որ անհրաժեշտ է ուսումնասիրության առարկա դարձնել ոչ միայն հաստատված նախագծով նախատեսված սահմանազատման համապատասխանությունը թիվ 95 մանկապարտեզին հատկացված հողամասի սահմաններին, այլև այդ սահմանների որոշման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի ամբողջականությունն ու փոխհամապատասխանությունը։ Մասնավորապես, անհրաժեշտ է համադրել մանկապարտեզին և կրթահամալիրի ուսումնական հաստատություններին հատկացված հողամասերի հատակագծերը, սահմանների որոշման համար հիմք հանդիսացած կոորդինատային տվյալները, հատկացումների վերաբերյալ որոշումները և տարածքի փաստացի օգտագործման պայմանները, քանի որ միայն այդ համադրման արդյունքում հնարավոր կլինի պարզել՝ առկա՞ է արդյոք հողամասերի սահմանների անհամապատասխանություն, արդյոք նախագծով նախատեսված սահմանազատման գիծը համընկնում է մանկապարտեզին իրավաբանորեն հատկացված հողամասի սահմանին, և, եթե անգամ համընկնում է, ապա որքանո՞վ է այդ սահմանազատման գծի ընտրությունը իրավաչափ՝ հաշվի առնելով հողամասերի հատկացման հիմքերը, հարակից հողամասերի սահմանները և արահետի փաստացի օգտագործումը։
Մինչև նշված հանգամանքների պարզաբանումը հիմնավորված չենք համարում սահմանազատման նախագծային լուծման վերջնական իրականացումը՝ առանց վիճելի հատվածի սահմանների և իրավական կարգավիճակի ճշտման, առավել ևս այն պայմաններում, երբ կրթահամալիրը մասնակից չի դարձվել մանկապարտեզին շինարարության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթին և զրկված է եղել այդ հանգամանքները վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից։
Հակառակ դեպքում առկա է վտանգ, որ ոչնչով չփաստարկված անվտանգության ապահովման անվան տակ իրականացվող աշխատանքների հետևանքով փաստացի կփակվի տասնամյակներ օգտագործվող արահետը՝ առանց նախապես պարզելու դրա տարածքային սահմանների և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ առաջացած հարցերը։ Դա կառաջացնի ոչ միայն իրավական անվտանգության խնդիրներ, այլև անհամաչափ անհարմարություններ կստեղծի կրթահամալիրի և մանկապարտեզի ծառայություններից օգտվող անձանց, այդ թվում՝ սահմանափակ շարժունակությամբ անձանց համար, ինչպես նաև կսահմանափակի մանկասայլակներով տեղաշարժվելու հնարավորությունը։
Հաշվի առնելով, որ ինչպես ընդհանուր օգտագործման արահետը, այնպես էլ կրթահամալիրին և մանկապարտեզին հատկացված հողամասերը համայնքային սեփականություն են, ինչպես նաև նկատի ունենալով հողային օրենսդրության պահանջները՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և ճշտել մանկապարտեզին հատկացված հողամասի սահմանները՝ դրանք համադրելով հատկացումների հիմքում դրված հատակագծերի, կրթահամալիրին հատկացված հարակից հողամասերի սահմանների և տարածքի փաստացի օգտագործման հետ, և համապատասխան շեղումներն ու խախտումներն արձանագրելու դեպքում նախաձեռնել համապատասխան հատակագծերի և հողամասերի սահմանների ճշգրտման գործընթացը։
Միաժամանակ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերանայել մանկապարտեզին հողամասի հատկացման հիմքում դրված հատակագիծն ու շինարարության թույլտվության հիմքում դրված նախագիծը՝ դրանցում կատարելով համապատասխան փոփոխություններ, ինչպես նաև նախատեսել արահետի հետագա անխոչընդոտ օգտագործումն ապահովող իրավական և նախագծային լուծում՝ պահպանելով դրա կապակցող և հանրային նշանակությունը, կրթահամալիրին հատկացված հողամասերի միջև կապն ու հետիոտների, այդ թվում՝ մանկասայլակներով և սահմանափակ շարժունակությամբ անձանց տեղաշարժի հնարավորությունը՝ հստակեցնելով նաև արահետի օգտագործման իրավական կարգավիճակը՝ դրա հետագա անխոչընդոտ օգտագործումն ապահովելու նպատակով։
Բացի այդ, իրավաչափ և առավել նպատակային ենք համարում նաև այն, որ մանկապարտեզին հատկացված հողամասի և վիճելի արահետի սահմանազատման վերաբերյալ նախագծային առաջադրանքը սահմանվի այնպես, որ սահմանազատումն իրականացվի ծառատնկման կամ այլ բուսականության միջոցով՝ բացառելով պարիսպների կառուցումը կամ ճաղավանդակների տեղադրումը արահետի գործառույթը խոչընդոտող հատվածներում և չխոչընդոտելով արահետի գործառնական նշանակության պահպանմանն ու դրա անխոչընդոտ օգտագործմանը։
Քաղաքապետարանի պատասխանում ներկայացված՝ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տեղեկատվությանը վերաբերող հատվածում նշվում է Երևանի թիվ 93 մանկապարտեզի վերակառուցման, սեյսմիկ վերազինման և էներգաարդյունավետության բարելավման ծրագրի իրականացման ընթացքի մասին։ Այդ տեղեկությունները, սակայն, վերաբերում են այլ մանկապարտեզի և այլ ծրագրի իրականացմանը։ Դրանցում նշված՝ շինարարության թույլտվության ստացման ընթացքի, մրցույթի արդյունքների և հաստատված նախագծի մասին տվյալները չեն պարզաբանում թիվ 95 մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծով նախատեսված սահմանազատման իրավական և փաստական հիմքերը, ինչպես նաև չեն պատասխանում հարակից հողամասերի սահմանների և վիճելի արահետի պահպանման վերաբերյալ մեր բարձրացրած հարցերին։
Հիշեցնում ենք, որ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը հոկտեմբերի 19–30-ը COP 17-ի կանաչ գոտու մեր տաղավարում ներկայացնում են կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սովորողները, քոլեջի ուսանողները և մանկավարժական աշխատողները՝ որպես կամավորներ։ Միաժամանակ առաջարկում ենք COP 17-ի կամ Կրթական պարտեզի մեր տաղավարում հանդիպել՝ ներկայացնելու «Կրթական պարտեզ» նախագծով քաղաքում վնասված էկոհամակարգերի վերականգնման, քաղաքային կանաչ տարածքների պահպանման և զարգացման վերաբերյալ մեր մոտեցումները, ինչպես նաև քննարկելու թիվ 95 մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծի վերանայմանն ուղղված առաջարկները։
Հարկ ենք համարում առանձին անդրադառնալ Երևանի քաղաքապետի՝ 10.02.2026 թ. թիվ ՇԹ/7/21947-26 շինարարության թույլտվության վիճարկման համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառներին։
Մասնավորապես, կրթահամալիրը չի ներգրավվել նշված շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ վարչական վարույթին, ինչի հետևանքով զրկված է եղել իր իրավունքներին ու օրինական շահերին առնչվող հանգամանքները ներկայացնելու հնարավորությունից:
Վարույթի շրջանակներում առկա վիճելի հանգամանքների պայմաններում շինարարության թույլտվություն տրամադրված լինելու և դրա հիմքում դրված նախագծի մասին կրթահամալիրը տեղեկացել է միայն մեր հանձնարարությամբ փաստաբան Գեղամ Մարգարյանի ներկայացրած հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 14.09.2026 թ. թիվ 18/126480-26 գրությանը կից տրամադրված նյութերին ծանոթանալու արդյունքում, որպիսի պայմաններում, նշված թույլտվության վիճարկման համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողնվել կրթահամալիրի կամքից անկախ պատճառներով, ինչը հաշվի առնելով՝ հաջորդիվ ներկայացնում ենք թույլտվությունը բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն և խնդրում ենք այն բավարարել։
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության պահանջները՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ
1. Քննարկել և ըստ էության պատասխանել կրթահամալիրի՝ 06.10.2026 թ. թիվ 26-10-283 գրությամբ և սույն գրությամբ ներկայացված առաջարկներին՝ անդրադառնալով դրանցում բարձրացված յուրաքանչյուր հարցի։
2. Պարզաբանել թիվ 95 մանկապարտեզի տարածքի սահմանազատման անհրաժեշտության փաստական և իրավական հիմքերը՝ նշելով կիրառելի իրավական ակտերի կոնկրետ դրույթները, անվտանգության գնահատման համար հիմք հանդիսացած տվյալները և նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև տրամադրել այդ հարցերին վերաբերող համապատասխան փաստաթղթերի պատճենները։
3. Ուսումնասիրել մանկապարտեզին հատկացված հողամասի սահմանների հնարավոր անհամապատասխանությունը կրթահամալիրի ուսումնական հաստատություններին և Երևանի թիվ 95 մանկապարտեզին կատարված հողհատկացումների հիմքում դրված հատակագծերին և տարածքի փաստացի օգտագործման պայմաններին, համադրել մանկապարտեզին ու կրթահամալիրի համապատասխան ուսումնական հաստատությանը հատկացված հողամասերի սահմանները և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում նախաձեռնել համապատասխան փաստաթղթերի և հողամասերի սահմանների ճշգրտման գործընթացը։
4. Երևանի քաղաքապետի՝ 10.02.2026թ. թիվ ՇԹ/7/21947-26 շինարարության թույլտվության վերադասության կարգով բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները համարել հարգելի, վերականգնել այն և ձեռնարկել միջոցներ սույն բողոքի քննությունն իրականացնելու ուղղությամբ՝ բողոքի քննությունն անցկացնելով վարչական լսումների միջոցով։
5. Երևանի քաղաքապետի՝ 10.02.2026 թ. թիվ ՇԹ/7/21947-26 շինարարության թույլտվությունը հաստատված նախագծով նախատեսված այն լուծումների մասով, որոնք սահմանափակում են կրթահամալիրին հատկացված հողամասերի միջև կապն ապահովող և կրթահամալիրի ծառայություններից օգտվող բնակիչների և այլ քաղաքացիների կողմից օգտագործվող արահետի պահպանումն ու անխոչընդոտ օգտագործումը, այդ թվում՝ մանկասայլակներով և սահմանափակ շարժունակությամբ անձանց տեղաշարժի հնարավորությունը, ինչպես նաև նախատեսում են կրթահամալիրին հատկացված հողամասին հարակից հատվածներում Երևանի թիվ 95 մանկապարտեզին հատկացված հողամասի սահմանազատումը ցանկապատով կամ պարիսպով, ճանաչել ոչ իրավաչափ։
6. Հստակեցնել վիճելի արահետի իրավական կարգավիճակը, դրա օգտագործման և պահպանման իրավական հիմքերը՝ հաշվի առնելով տարածքի տասնամյակներ շարունակվող փաստացի օգտագործման ռեժիմն ու կրթահամալիրին հատկացված հողամասերի միջև կապ ապահովելու գործառույթը։
7. Կազմակերպել հանդիպում կամ ընդունելություն՝ կրթահամալիրի ներկայացրած առաջարկներն ու դրանց իրականացման հնարավոր լուծումները քննարկելու նպատակով։
Կից ներկայացվում են՝
1. Արևելյան դպրոց-պարտեզի տնօրեն Նաիրա Նիկողոսյանի կողմից քաղաքապետարան ներկայացված դիմումի տեքստը:
2. Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանի պատասխանը։
Հարգանքով՝
Կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Բլեյան
Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Փաշայան
Կրթահամալիրի ուսումնական հաստատությունների տնօրեններ Նաիրա Նիկողոսյան, Գոհար Բալջյան,
Շամիրամ Պողոսյան, Աննա Ֆրանգյան, Լուսինե Բուշ, Մարթա Ասատրյան, Տաթև Բլեյան
«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի լաբորատորիայի ղեկավար Կարինե Մացակյան
COP17-ի մասնակցության Կրթահամալիրի հայտի համակարգող՝ Էլյա Սահակյան